Հայ ուսուցիչը բարի խոսքեր լսելու կարիք ունի. Ա.Աշոտյան

Ուսուցիչներից յուրաքանչյուրը պագևատրվել է 200 հազարական դրամի չափով: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով մասնավոր բարեգործական կառույցների կողմից նմանատիպ նախաձեռնությունների դերը, ընդգծել է, որ պետական հոգածությունից բացի ուսուցիչն ունի նաև հասարակության կողմից մեծարանքի անհրաժեշտություն:

«Հայ ուսուցիչն այսօր մեծարման, գնահատման, բարի խոսքեր լսելու կարիք ունի: Սա մեծարանքի յուրօրինակ դրսևորում է: Ունենք քաղաքացի դաստիարակելու հրամայական, ազգային ինքնության պահպանման կարիք, ժամանակակից աշխարհում մրցունակ ինտելեկտով զինված հայի կերպար կերտելու կարիք, որոնք ապահովում են ուսուցիչները»,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ պարգևատրված ուսուցիչներն ընտրվել են հետևյալ սկզբունքով` Հայաստանի ուսուցիչները` Հայաստանի, Արցախի ուսուցիչները՝ ԼՂՀ, իսկ Ջավախքի ուսուցիչները Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների կողմից:

Հայաստանից ընդգրկված են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի դպրոցների ուսուցիչներ: ԿԳ նախարարը նշել է, որ Ջավախքի ուսուցիչները ներկա չեն միջոցառմանը, քանի որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան համաձայնեցման գործընթացը դեռ ավարտված չէ: Նախարարը տեղեկացրել է, նաև, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը մոտ երկու ամիս առաջ ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքել է համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ հիմնադրամը մի քանի կրթական ծրագրեր է ֆինանսավորելու: Առաջին ծրագրով Հայաստանի բուհերում սովորող ավելի քան 200 ջավախքցի ու արցախցի ուսանողներ ստացել են 200 հազարական դրամ կրթաթոշակ:

Միջոցառմանը ներկա Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշել է, որ ուսուցիչների պարգևատրման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150 հազար դոլարին համարժեք դրամ: Արարողության ժամանակ պարգևատրված ուսուցիչներն իրենց շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Մեկնաբանել