Գերմանիայի հետ համագործակցության նոր հեռանկարներ գյուղոլորտում


Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը համատեղ իրականացրած ծրագրերի ու աջակցության համար` հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կունենան իրենց շարունակությունը նաև առաջիկա տարիներին:

Սերգո Կարապետյանը հատկապես ընդգծել է «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագրի» արդյունավետությունը, որն իրականացվել է ՀՀ ԳՆ «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ – ի հետ համագործակցությամբ:

«Այս ծրագրի շրջանակներում իրականացված անտառների նկարահանումը շատ կարևոր էր մեզ համար: Այն լույս սփռեց հատկապես հասարակական կազմակերպությունների մտահոգությունների վրա: Ունեցանք նոր պատկերացում Հայաստանի անտառային տնտեսության վերաբերյալ: Շատ կարևոր էր հանրային իրազեկումը, ինչպես նաև ձեր կողմից «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ – ի տեխնիկական վերազինումն ու մեր մասնագետների ուսուցման ու վերապատրաստման անցկացումը», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` առաջարկելով նկարահանել նաև ՀՀ ամբողջ հողատարածքները:

Սերգո Կարապետյանը կարևորել է նաև Գերմանիայի աջակցությունը օրենսդրական ոլորտում` մասնավորապես անտառային օրենսդրության բարեփոխումներում:

ԳՄՀ – ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընդգծել է, որ թեև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իրականացված «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագիրն» ավարտվել է, սակայն մատնանշել է համագործակցության այն ոլոտները, որտեղ կարող են երկու երկրները` Գերմանիան և ՀՀ – ն համագործակցել` մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսական մթերքների արտահանման, սննդամթերքի անվտանգության ոլորտները:

Երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ակտիվացման նպատակով ԳՄՀ – ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցելու Գերմանիայում կայանալիք գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսին, որտեղ երկու երկրների նախարարները կկարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Սերգո Կարապետյանն ընդունել է հրավերը

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից մեր երկրում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին:

Մեկնաբանել