Moody’s-ն իջեցրել է իտալական 26 բանկի վարկանիշները

Իջեցումը վերաբերում է նաև բանկերի դեպոզիտար վարկանիշներին, ասված է գործակալության հաղորդագրությունում։ Երկու վարկանիշներին շնորհվել է բացասական կանխատեսում։ Գրեթե բոլոր դեպքերում վարկանիշի իջեցումն արտացոլում է գործակալության՝ յուրաքանչյուր բանկի գնահատումը և չի նախատեսում երրորդ անձի, այդ թվում՝ պետության կողմից հնարավոր օգնություն ֆինանսական կազմակերպությանը։ Բանկերի մի մասը, որոնց վարկանիշն իջեցվել է, հանդիսանում են ավելի մեծ ֆինանսական կազմակերպությունների մի մասը։

Այսպես, իտալական 10 բանկի վարկանիշի իջեցումը կազմել է 1 աստիճան, 8 բանկինը՝ 2, 6-ինը՝ 3 և 2-ինը՝ 4 աստիճան։

Որպես վարկանիշների իջեցման պատճառ նշվում են Իտալիայի տնտեսական իրավիճակը, «վատ» պարտքերի զգալի ծավալը և բանկային կապիտալի մեծացման հնարավորությունների սահմանափակումը։ Միաժամանակ՝ յուրաքանչյուր բանկի համար գործակալությունն առանձնացրել է իջեցման անհատական պատճառներ։

Գործակալությունը վարկանիշի հետագա իջեցման հնարավորություն է դիտարկում տնտեսությունում առկա զգալի ռիսկերը, բանկերի ղեկավարության հնարավոր սխալները և եվրոգոտու երկրներում շարունակվող ռեցեսիան։

Վարկանիշների իջեցումը վերաբերել է նաև Իտալիայի երկու խոշոր բանկերին՝ UniCredit-ին և Intesa Sanpaolo-ին։ Նրանց վարկանիշներն իջեցվել են 1 աստիճանով՝A3-ից մինչև A2։ Իջեցվել են նաև Banca Monte Parma-ի, Banca Popolare di Milano-ի, Banca Delle Marche-ի վարկանիշները։

Moody’s-ն ընդգծել է, որ ներկայում իտալական բանկերի վարկանիշը Եվրոպայում ամենացածր մակարդակներից մեկում է գտնվում։