Տիմոշենկոյին պետական դավաճանության մեղադրանք է սպառնում․ Times

2011թ. հոկտեմբերին յոթ տարվա ազատազրկման դատապարտված և ներկայում հիվանդանոցում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կարող են առաջադրվել պետական դավաճանության և սպանությանը հանցակից լինելու նոր մեղադրանքներ, այսօր գրում է բրիտանական Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաին։

Ուկրաինայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ինա Բոգոսլովսկայան, որը հետաքննում է Տիմոշենկոյի հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարել է, որ դատախազությունը արդեն հետաքննություն է վարում նախկին վարչապետի նկատմամբ՝ անձնական պարտքերը պետական բյուջեին փոխանցելու և հաշիվները կեղծելու փորձի մեղադրանքով։ Եթե գործը դատարան հանձնվի, Տիմոշենկոյին կարող է սպառնալ հինգից մինչև 12 տարվա ազատազրկում։

Բոգոսլովսկայան նաև վստահեցնում է, թե իր հանձնաժողովն ունի համոզիչ ապացույցներ, որ Տիմոշենկոն պետական դավաճանություն է գործել՝ 2009թ. համաձայնելով Ռուսաստանից գազ գնել չափազանց բարձր գնով։

Տիմոշենկոյի նկատմամբ նաև հետաքննություն է վարվում նրա՝ 1996թ. ուկրաինացի գործարար և քաղաքական գործիչ Եվգենի Շերբանի սպանությանը հանցակից լինելու մեղադրանքով։ «Ինձ այդ գործի հետ կապելն աբսուրդ է։ Կարծում եմ՝ ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ որքան վատ է սարքված այս գործը և ում է այն ձեռնտու»,- մեջբերում է Times-ը Տիմոշենկոյի հայտարարությունը։