Հունիսի 15-ից կգործի Երևան-Բաթում-Երևան չվերթը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Երևան» կայարանում կայացել է Երևան-Բաթում-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի առաջին 10 վերանորոգված վագոնների շնորհանդեսը: ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը տեղեկացրել է, որ ֆիրմային գնացքի վագոնները վերանորոգվել են Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում և համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին:

Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, մեկ վագոնի վերանորոգման համար միջինում ծախսվել է 900 հազ. դրամ:

«Երևան-Բաթում-Երևան չվերթը գործելու է հունիսի 15-ից: Այս տարի մենք կավելացնենք գնացքի վագոնների թիվը: Եթե անցած տարի գնացքի կազմում գործում էր 15 վագոն, ապա այս տարի նրանց թիվը հասնելու է 18-ի», – նշել է Գագիկ Մովսիսյանը:

2011 թ. ամառային տարեշրջանում «Արմենիա» ֆիրմային գնացքով ուղևորվել է 42 հազ. 500 մարդ, իսկ այս տարի ցուցանիշը նախատեսվում է ավելացնել` հասցնելով մինչև 50 հազարի:

ՀԿԵ բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին: Երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննվում են ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը: Մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի ուղևորատար 31 վագոն, էլեկտրագնացքների 12 վագոն, 22 վագոնում կստուգվի օդափոխության համակարգը: Ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի յոթ վագոնները:

Մեկնաբանել