Բուխարեստի Հայոց միությունում մայիսի 14-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` որպես պետական հանձնաժողովի քարտուղար, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ռումինահայ մի շարք մտավորականների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ`ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկա երեք տարվա ընթացքում համատեղ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նույն օրը Հայկ Դեմոյանը ելույթ է ունեցել Բուխարեստի համալսարանում ուսանողների, դասախոսական կազմի ու արտահամալսարանական ունկնդիրների առջև: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ավելի քան ներկա, քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ահաբեկում ու հետապնդում են պատմական արդարության մասին արտահայտվողներին, միջազգային մակարդակով ծավալում ժխտողականության քաղաքականություն, վիրավորում ու վարկաբեկում զոհերի հետնորդներին: Մոտ երկու ժամ տևած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին:
Նախորդ օրը Դեմոյանը Համլետ Գասպարյանի հետ ներկա է եղել Բուխարեստի Հայոց կենտրոնում մշակույթի տան նոր մասնաշենքի բացման արարողությանը, որի ընթացքում ներկայացվել են «Արարատ» հրատարակչության լույս ընծայած` ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» և Ռաֆայել դե Նոգալեսի «Չորս տարի կիսալուսնի տակ» գրքերի ռումիներեն թարգմանությունները: