«Կասպերսկու լաբորատորիան» Apple-ից հետազոտության պատվեր չի ստացել

Ռուսական հակավիրուսային ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» Mac OS X օպերացիոն համակարգի՝ կիբերվտանգներից պաշտպանվածությունը հետազոտելու ոչ մի պատվեր չի ստացել Apple-ից: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիա»-ի մամլո ծառայությունից՝ հերքելով նախօրեին բրիտական մամուլում տարածված լուրերը:

Մամուլում նշվել էր, որ «Կասպերսկու լաբորատորիան» պետք է հետազոտի Mac OS X օպերացիոն համակարգը և նախագծի անվտանգության տեխնոլոգիա Apple-ի պատվերով: «Կասպերսկու լաբորատորիա»-ի մամուլի ծառայության խոսքով, հավանաբար բրիտանացի լրագրողը սխալ է հասկացել ընկերության տնօրենի խոսքերը:

Մամուլի ծառայությունը հավելել է, որ ընկերությունն իսկապես անցկացրել է Mac OS X-ի հետազոտություն, սակայն ոչ Apple-ի պատվերով, այլ սեփական նախաձեռնությամբ: Ընկերությունը կարծում է, որ Mac OS X-ը կարող է դառնալ հաքերների նոր թիրախ:

Ռուսական «Կասպերսկու լաբորատորիա»-ն համարվում է աշխարհի խոշոր հակավիրուսային ընկերություններից մեկը: Ընկերության հակավիրուսային ծրագիրը տեղադրված է աշխարհի մոտ 300 մլն համակարգիչներում:

Մեկնաբանել