Սերժ Սարգսյանը կոալիցիա կձևավորի. քաղաքագետ

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում քննարկելով ընդդիմության ձախողման պատճառները`նա նշեց «ՀՀԿ-ն լուծեց իր առջև դրած խնդիրը, ԲՀԿ-ն ավելացրեց իր քվեները, բայց դա լուրջ դեր չի ունենա, եթե նախագահական ընտրություններին ճիշտ չպատրաստվի, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մեծապես ձախողվեցին, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը արեցին, ինչ կարող էին»:

Ըստ Սուրենյանցի` ՀԱԿ-ը լուրջ ուժից դարձել է շարքային հավակնորդ: «Մինչև 2009թ-ը ՀԱԿ-ն էր թելադրում, սակայն 2009-ից հետո ձևավորվեց ՀԱԿ-ում բյուրոկրատական համակարգ ավտորիտար կառավարման սկզբունքով: Ամբողջ իրենց գործունեությունը կառուցվում էր մեկ մարդու խոսքով: Մեկ մարդու ձեռքով համամասնական ցուցակի ձևավորելը ավտորիտար ռեժիմների կերպն է: Եվ հասարակությունը հասկացավ, որ էս ընտրություններում ՀԱԿ-ը լուծում է իշխանության մեջ ինչ-որ ներկայություն ունենալու խնդիր»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ից հեռանալու` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տրամադրվածությանը` Սուրենյանցը նշեց, որ վերջինս վաղուց ուներ հակասություններ ՀԱԿ-ի հետ, սակայն վտանգի պահին նավը լքող առնետի չնմանվելու համար սպասեց մինչև ընտրությունների ավարտը: Ավելին, նա մանդատ ստացավ, սակայն հակասությունները շատ ավելի էական են , քան պատգամավորական մանդատը: Սուրենյանցի դիտարկմամբ` դրանք հիմնականում երկու ուղղվածության են` արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերությունը և անհամաձայնությունն այն «կեղծ գաղափարին` ՀԱԿ-ի քարոզչության մեխը դարձած, թե ներիշխանական ճամբարում ճեղքվածք կա»:

Ըստ նրա` Արամ Սարգսյանը փորձել է հարցերը քննարկման դնել, սակայն «ՀԱԿ-ի խորհուրդն ունի նույն դերը, ինչ մեր Ազգային ժողովը Սերժ Սարգսյանի առաջ: Այնտեղ Սերժ Սարգսյանն է, այստեղ` Լևոն տեր-Պետրոսյանը»: Առանձնանալով ՀԱԿ-ից` «Հանրապետություն»-ը գիտակցում է, որ չունի մեծ քաղաքական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ` ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, սակայն մնալով ՀԱԿ-ում, ըստ նրա, կուսակացության դեմքը մշտապես կմնա ստվերում:

Սուրենյանցը նաև խոսեց ՀՅԴ-ի ձախողման մասին: Ըստ նրա`հիմնական պատճառը սոցիալապես անապահով մարդկանց մոտ վստահություն առաջացնելու անկարողությունն էր. սխալ ընտրված կարգախոսների, քարոզչության պատճառով ՀՅԴ-ն կորցրեց իր պոտենցիալ ընտրողներին: «Նաև որոշ ոլորտների մասին, որ խոսում էին, մինչև երեք-չորս տարի առաջ իրենք էին պատասխանատու, ու ընտրողի մոտ շատ բնական հարց էր առաջանում` բա լավ ինչո՞ւ չարեցիք մինչև հիմա»,- նշեց նա:

Մեկնաբանել