Նաիրիտյան հանգույց

Հակաճգնաժամային փողերն այս անգամ էլ Հայաստանի կողքով կանցնեն
Մայիսի 23-ին Աստանայում գումարվելու է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների նիստը, որի ընթացքում քննարկվելու է համագործակցության երկրների ազգային տնտեսությունների վիճակը։ Այդուհանդերձ, ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանին խոստացված $400 մլն վարկի տրամադրման հարցը քննարկումների օրակարգում ներառված չէ։ Այս միջոցներից է կախված «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը, որը մոտ 2 տարի մատնված է պարապուրդի և օրական կուտակում է մոտ ֌30 մլն-ի պարտք։

Ինչպես «Օրակարգ»-ին ասացին Հայաստանի ֆինանսների նախարարությունից, Հայաստանին վարկային միջոցների տրամադրման հարցն ընդգրկված չէ ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման օրակարգում։ Խնդիրը ենթակա է ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի քննարկմանը, իսկ Աստանայում նման նիստ նախատեսված չէ։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունում էլ նշեցին, որ Աստանայում ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստի անցկացման վերաբերյալ դեռևս հստակ որոշում չի ընդունվել։

Նշենք՝ ապրիլին ռուսական և բելառուսական լրատվամիջոցները, հղում կատարելով Բելառուսի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Ամարինին, հաղորդում էին, որ Աստանայում ԱՊՀ ֆինանսների նախարարների հերթական հանդիպման շրջանակում տեղի է ունենալու նաև Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստ։ Ըստ Ամարինի՝ օրակարգում ներառված է լինելու Բելառուսին Հակաճգնաժամային հիմնադրամի վարկային միջոցներից հերթական տրանշի հատկացման հարցը։ Հիշեցնենք՝ հիմնադրամի կողմից Բելառուսին հատկացվելիք $3 մլրդ վարկից երկիրը երկու տրանշով ստացել է ընդհանուր առմամբ $1,24 մլրդ։

«Նաիրիտ»-ը վարկի սպասելիս
Անկախ նրանից՝ տեղի կունենա Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստ թե ոչ, ակնհայտ է մեկ բան՝ Աստանայում Հայաստանին $400 մլն վարկային միջոցների տրամադրման հարց չի քննարկվելու։

Հիշեցնենք՝ 2011թ. հունիսի 5-ին Կիևում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, թե Հայաստանին $400 մլն-ի վարկ հատկացնելու հարցը կքննարկվի հաջորդ նիստին: Այդուհանդերձ, Մոսկվայի անցած տարվա նոյեմբերի 28-ի Հակաճգնաժամային հիմնադրամի նիստի օրակարգում այս հարցն այդպես էլ չընդգրկվեց։

Նշենք, որ այս միջոցներն ուղղվելու են «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը։ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին անհրաժեշտ են պետական երաշխիքներ, իսկ Հայաստանի ֆինանսների նախարարությունը կարծես պատրաստ չէ այսպիսիք տրամադրել։ Թեև վարկը ծանրացնելու է Հայաստանի պետական պարտքի բեռը, սակայն այդ միջոցներից է կախված 2,9 հազ. աշխատակից ունեցող քիմիական հսկայի ճակատագիրը։

Բարդ ֆինանսական սխեմա
Խնդիրն այն է, որ առանց այս $400 մլն-ի «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման ծրագրի» իրականացումն անհնար է։ Այսպես՝ գործարանի արդիականացման ծրագիրն ընդհանուր առմամբ $512,26 մլն է գնահատված։ Հետաքրքրական է, որ այս միջոցներից միայն $367 մլն-ն է իրականում հատկացվելու քիմիական հսկայի արդիականացմանը: $146 մլն-ը, ըստ ծրագրի, պետք է ուղղվի գործարանի նախորդ պարտավորությունների մարմանը. $100 մլն-ը՝ ԱՊՀ Միջպետական բանկի նկատմամբ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46  մլն-ը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։ Ծրագրում նշված առաջնայնություններից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարության կողմից ներգրավվելիք $400 մլն-ի մոտ 40%-ը անմիջապես ուղղվելու է պարտքերի սպասարկմանը։

Այս ընթացքում «Նաիրիտ»-ում իրավիճակն էլ ավելի է խճճվել, քանի որ գործարանի բաժնետոմսերի 90%-ը տնօրինող Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-Rhinoville Property Limited-ը մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը չի կատարել վարկային պարտավորությունները Միջպետական բանկի առջև (2006թ. օգոստոսին բանկը ընկերության համար $70 մլն-ի վարկային գիծ էր բացել՝ 5,3 տարի ժամկետով և տարեկան 12,5% տոկոսադրույքով)։ Ստացվում է, որ ներկայում «Նաիրիտ»-ի սեփականատերը, ըստ էության, ԱՊՀ Միջպետական բանկն է, որից «պարտք» է վերցրել գործարանը։

Ստեղծված բարդ ֆինանսական սխեմայի պայմաններում առկա են միջոցների փոշիացման մեծ ռիսկեր։ Ամենայն հավանականությամբ սա է պատճառը, որ Հակաճգնաժամային հիմնադրամը չի շտապում վարկավորել Հայաստանին և սպասում է, թե երբ է կառավարությունը քանդելու կծիկը։

Հիշեցնենք, որ փետրվարին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցնում էր, թե տարվա ընթացքում կիրականացվի «Նաիրիտ» գործարանի ներդրումային ծրագիրը, և քիմիական հսկան կսկսի աշխատել։ Նախարարի խոսքով՝ ներդրումային ծրագիրը ներկայացվելու էր անկախ փորձաքննության, որից հետո էլ ընտրվելու էր այն ընկերությունը, որը և իրականացնելու էր այն։ Էներգետիկայի նախարարությունում, սակայն, առայժմ որևէ նորություն չունեն։

Մեկնաբանել