Եթե հավատանք պրոֆեսոր Դևիդ Բենետերի «Երկրորդ սեքսիզմ» խորագրով նոր գրքին, ապա այսօր տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում սեռական խտրականության, քան կանայք:
Ըստ Բենետերի՝ «երիտասարդներն ավելի շատ, քան աղջիկները, թողնում են դպրոցը, ավելի քիչ են ստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմներ և գիտական աստիճաններ, տղամարդկանց շարքում ավելի բարձր է մահացության մակարդակը և բանտարկյալների թիվը»: Այսպիսով՝ Բենետերը եկել է այն եզրահանգման, որ տղամարադկանց հանդեպ խտրականության թեման քիչ է ուսումնասիրված, ըստ երևույթին, հասարակությունը պարզապես վախենում է խոսել այս թեմայով:
«Ապակյա նկուղ»՝ այսպես է կոչում այս երևույթը տղամարդկանց իրավունքների պաշտպան Ուորեն Ֆարելը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում 25 ցածրակարգ համարվող մասնագիտություններից 24-ը տիպիկ <<արական>> է՝ աղբահավաք, կոյուղու համակարգի մասնագետ, տանիքագործ և այլն:
Արդյոք ճի՞շտ են այս հեղինակները: Կյանքը մասամբ ապացուցում է նրանց տեսությունների ճշմարտացիությունը: Այսպես՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 2009 թ. տվյալներով՝ զարգացած երկրներում տղաները հետ են մնում աղջիկներից բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ընթերցանությանը, տղամարդիկ ավելի շատ են աշխատում, սրտանոթային համակարգի հիվանդություններով նրանք սկսում են տառապել միջինում տաս տարի ավելի շուտ, քան կանայք, իսկ երիտասարդների թվում ինքնասպանության հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է, քան նրանց տարեկից աղջիկների:
Բացի այդ՝ տղամարդիկ ավելի ու ավելի հաճախ են դառնում հեգնանքի թիրախ. օրինակ՝ գազօջախը մաքրելու հեղուկի գովազդում կա հետևայալ կարգախոսը՝ «Շատ հեշտ է, նույնիսկ՝ տղամարդու համար»: