Մի չհանդիպման պատմություն

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հոբելյանական նստաշրջանին: Նույն օրը նա մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակագրությունը և արարողակարգային նրբությունները բավական հետաքրքիր են: Նախ, սա նրա առաջին այցն է Մոսկվա Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երկրորդ՝ առաջին այցն է Պուտին-Մեդվեդև փոխատեղումից հետո:

Սերժ Սարգսյանը առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, սակայն առանձին հանդիպում չի ունեցել նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնական է, որ Հայաստանի ղեկավարը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի վարչապետին, որն իսկապես կարևոր ֆիգուր է երկկողմ տնտեսական հարաբերություններում: Սակայն հետևությունների առիթ է տալիս Պուտինի՝ Սարգսյանին առանձին ընդունելության չարժանացնելու փաստը: Զուտ արարողակարգի առումով՝ կլոր-սեղան հանդիպումը կարող է և առանձին-առանձին հանդիպումներ չնախատեսել: Բայց, ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունների, Պուտինը երեկ առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի (Ուկրաինան ՀԱՊԿ անդամ չէ) նախագահների հետ: ՀԱՊԿ ղեկավարներից Պուտինը առանձին հանդիպում չի ունեցել միայն Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վերջինիս հետ չհանդիպելը թերևս կոմպենսացվում է նրանով, որ Պուտինի արտասահմանյան առաջին ուղևորության հանգրվանը լինելու է Մինսկը:

Հինգ երկրների նախագահներին առանձին-առանձին ընդունելով՝ Պուտինը կարծես ընդգծում է Սերժ Սարգսյանին չընդունելու փաստը: Միթե ռազմավարական դաշնակից Հայաստանը հինգ րոպե չի կարողանում խլել հյուսիսային հարևանի առաջնորդի ժամանակից: Արդյոք այս հանգամանքը կարելի՞ է համարել մեսիջ Սերժ Սարգսյանին, որ Կրեմլը ինչ-որ բանից դժգոհ է: Թե՞ այնուամենայնիվ Պուտին-Սարգսյան հարաբերություններում գերիշխում է անձնական գործոնը (2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակավ անպատվել էր Պուտինին: Դրանից կարճ ժամանակ անց Սարգսյանը Երևանում ընդունել էր Սաակաշվիլիին և նրան շքանշան հանձնել):

Ուշագրավ զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի առանձին ընդունելությանը չարժանանալուց հետո ռուսական «Վեդոմոստի» թերթում ոչ այնքան «ռուսահաճո» հրապարակմամբ հանդես եկավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա» վերտառությամբ: Հոդվածում նա առանձնահատուկ կարևորություն է տալիս երկրի եվրոպական ինտեգրացիային՝ ընդգծելով, որ Հայաստանը չի կարող անդամակցել Ռուսաստանի ստեղծած Մաքսային միությանը:

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը ռուսական հեղինակավոր պարբերականում հանդես գալիս նման հրապարակմամբ, երբ նախագահը դեռ Մոսկվայից չի վերադարձել։ Սա թերևս Սերժ Սարգսյանի՝ Պուտինին հակադարձելու նախօրոք պատրաստված տարբերակ էր…

Մեկնաբանել