Պարսից ծոցի երկրները ֆինանսավորում են Սիրիայի ապստամբներին․ Washington Post

Համաձայն պարբերականի՝ ընդդիմության ջոկատներին զինելու համար ամսական հատկացվում է մի քանի միլիոն դոլար։

Զենքը գնվում է հիմնականում սև շուկայում, ինչպես նաև սիրիական բանակի պահեստներից (ապօրինի)։ Արտաքին օգնության հոսքն այնքան մեծ է, որ երկրի որոշ շրջաններ բառացիորեն «ողողված են զենքով»։

ԱՄՆ-ը ուղղակի օգնություն ընդդիմադիրներին չի ցուցաբերում, սակայն մշտապես կապ է պաշտպանում ընդդիմադիր տարբեր խմբավորումների հետ՝ ընտրելով նրանց, ովքեր արժանի են գումար և զենք ստանալու, ապա ուղղորդում է դեպի Պարսից ծոցի երկրների մատակարարները։

Միաժամանակ ամերիկացիները ոչ պաշտոնական բանակցություններ են վարում Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի հետ։ Վաշինգտոնն ուսումնասիրում է նրանց՝ դիմադրության «երկրորդ ճակատ» բացելու հնարավորությունը։

Washington Post-ի տեղեկություններով՝ մայիսի վերջին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիան կարող է բարձրացնել Սիրիայի հյուսիսում սիրիական բանակի ներկայությունից պաշտպանված «բուֆերային գոտի» ստեղծելու հարցը։ Անկարան մտադիր է պարզել՝ Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցները պատրաստ են արդյոք աջակցելու այդ քայլին։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ. մարտից։

Մեկնաբանել