Եվրահանձնաժողովը՝ Հայաստանի տնտեսության խնդիրների մասին

Երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճը շարունակում է մնալ անորոշ` պայմանավորված տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայով, ցածր մրցունակությամբ, ինչպես նաև չորս հարևաններից երկուսի (Ադրբեջան, Թուրքիա) հետ փակ սահմաններով: Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի համատեղ զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ հնարավոր գլոբալ անկումը և հումքի միջազգային գների նվազումը կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Հետևանքները կլինեն ներդրումների և դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղումը, արտահանման կրճատումը, հարկային մուտքերի նվազումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի դանդաղումը։

Եվրոպացի մասնագետների կարծիքով՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պետք է լինեն բյուջետային կոնսոլիդացիան, կապիտալի շուկայի զարգացումը և դոլարիզացիայի մակարդակի նվազեցումը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ ինստիտուցիոնալ մակարդակում անհրաժեշտ է գործարար միջավայրի բարելավում և ներքին շուկայում մրցակցության բարձրացում։

Նշենք, որ մայիսի 4-ին Reuters գործակալության հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան նույնպես մատնանշել էր Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը։ Ըստ նրա՝ իշխանությունների վերաբերմունքը գործարարների նկատմամբ շրջադարձորեն պետք է փոխվի: Տոլոսան նշել էր, որ Հայաստանը պետք է բարելավի իր ներդրումային միջավայրը, որպեսզի կարողանա նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և ապահովել առավել կայուն աճ:

Մեկնաբանել