Մեկնարկել է «Մենք ենք, մեր Արցախը»

Երևանում այսօր մեկնարկել է «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի նախագիծը, որին այս անգամ մասնակցում են ԼՂՀ-ի՝ Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի մանկապատանեկան ստեղծագործական համույթներ, նկարիչներ ու անհատ կատարողներ` 40 երեխա:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում վաղը` մայիսի 17-ին՝ ժամը 17:30-ին կբացվի գեղանկարչական ցուցահանդես: Կցուցադրվեն արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքները: Ժամը 18:00-ին` նույն համերգասրահում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի, մանկական ստեղծագործական կենտրոնների պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:

Մարզից ժամանած երեխաներն իրենց մայրաքաղաքային ուղևորությունը կավարտեն երևանյան էքսկուրսիայով:

Նշենք, որ «Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թ. և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Մեկնաբանել