Ընտրություններից հետո լրատվական-քաղաքական որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ստեղծել հասարակության բարոյալքվածության և ծախվածության կերպար, ինչը բավական վտանգավոր է ներքաղաքան գործընթացների կտրվածքում: Անկախ այն բանից, թե համապետական ընտրություններն ինչ աստիճանով են կեղծվել, ընտրական գործընթացներում ժողովուրդը միշտ էլ եղել է կարևորագույն գործոն: Այսինքն՝ իշխանությունը, ունենալով հասարակական վստահության որոշ պաշար, տարատեսակ կեղծիքների միջոցով պարզապես ուռճացրել է ընտրությունների վերջնական արդյունքները: Չնայած, որ մինչև մայիսի 6-ի ընտրությունները իշխանությունը կարևորել է ժողովրդի կարծիքը և այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարել, վերջին ընտրական գործընթացները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը համառորեն անտեսում է հասարակական կարծիքի գոյությունը:
Հատկանշական է, որ խորհրդարանական այս ընտրությունների նախընտրական փուլում նույնիսկ չնկատվեց փողոցների ասֆալտապատման կամ բակերի բարեկարգման մասշտաբային գործընթաց, ինչը բնորոշ էր խորհրդարանական նախորդ ընտրությունների նախընտրական փուլերին: Անկախ այն բանից, թե որքանով են թվարկված մեթոդները ընդունելի կամ մերժելի, իշխանությունը փորձում էր հաճոյանալու միջոցով համոզել քաղաքացիներին՝ ինքնակամ քվեներ ստանալու ակնկալիքով: Այս անգամ իշխող կուսակցությունը նույնիսկ ցուցադրական կերպով հրաժարվեց հրապարակային բանավեճից, այն դեպքում, երբ լրատվամիջոցների (ավանդական և էլեկտրոնային) մեծ մասը իշխանական ուղղակի կամ միջնորդավորված վերահսկողության ներքո է:
Կարելի է ուշադրություն դարձնել ևս մեկ հետաքրքիր հանգամանքի վրա. այս անգամ հեռուստատեսությունները և մյուս լրատվամիջոցները առավել թափանցիկ և օբյեկտիվ էին, իսկ ընտրությունների արդյունքները՝ անարժանահավատ ու կասկածելի: Իրական ժողովրդավարական ոչ մի երկրում հասարակական կարծիքի և ընտրությունների արդյունքների միջև նման խզվածքի չի կարելի հանդիպել:
Իշխանությունը, օգտագործելով անաղմուկ, սակայն արդյունավետ աշխատող ընտրակեղծիքի մեքենան, առանց բավարար հասարակական աջակցության խորհրդարանում մեծամասնություն ստացավ:
Միտումանվոր ստեղծելով ծախված ժողովրդի կերպար, իշխանությունը փորձ է անում հասարակությանը համոզել, որ իրականում ինքը չի կեղծել ընտրությունները, այն կեղծել է հենց ժողովուրդը: ՀՀԿ-ն պարզապես պարտաճանաչ կերպով վճարել է իր ստացած քվեների համար: Այսինքն՝ ժողովուրդն ուներ ընտրություն՝ չվաճառելու քվեները, սակայն ինքնակամ առևտրի մեջ է մտել և այժմ դժգոհելու առիթ չունի: Այս թեզը խիստ վտանգավոր է, այն ժողովդրին դրդում է մոռանալ սեփական ուժերով որևէ բան փոխելու կարողության մասին: Թեզը զարգացնելում շահագրգռված է միայն իշխանությունը:
Իրականում անհավասար պայմաններում տեղի ունեցած ընտրություններում չորս մեծամասնական տարածքներում իշխանությունը լուրջ հարված ստացավ. Գյումրիում և Վանաձորում պարտվեցին իշխանության թեկնածուները, իսկ Երևանի երկու մեծամասնական տարածքներում ընդդիմադիր թեկնածուները անհավասար պայքարում գրեթե հավասար քվեներ հավաքեցին: