Հայկական ուրանը չեն ասոցացնում

Հայաստանը 2016թ. ոչ միայն միջուկային նոր էներգաբլոկ չի ունենա, այլև կարող է կորցնել միջուկային երկրի իր կարգավիճակը։ Թեև կառավարությունը պատրաստվում է երկարաձգել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, Եվրամիությունը, Ասոցացման համաձայնագրի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպմանն ընդառաջ, ոչ միայն չի ողջունում այս որոշումը, այլև պահանջում է մեկ օր շուտ դադարեցնել ՀԱԷԿ-ի շահագործումը։ Ատոմակայանի փակումը, այլընտրանքի բացակայության պայմաններում, երկրում բարդ սոցիալ-տնտեսական վիճակ կստեղծի՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի կրկնակի թանկացման։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 11-ի հայտարարությունը, թե միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2014թ., ինչպես նաև կառավարության՝ «Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու մասին» ապրիլի 19-ի որոշումը ԵՄ-ի կողմից անարձագանք չի մնացել։ Վերջինս, ի դեպ, Մեծամորի ատոմակայանի փակման վերջին տարիների հիմնական պահանջողն է եղել։

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի մայիսի 15-ին հրապարակած համատեղ փաստաթղթում («2011թ. Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման վերաբերյալ») նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է պահանջել սեղմ ժամկետներում փակել Մեծամորի ատոմակայանը, քանի որ այն չի կարող արդիականացվել միջուկային անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը մինչև հիմա չի կազմել ատոմակայանը շահագործումից հանելու մանրամասն ծրագիր: Նշվում է նաև, որ Հայաստանը պատրաստվում է կառուցել միջուկային նոր էներգաբլոկ՝ օգտագործելով ռուսական միջուկային ռեակտոր, չնայած հիմնական խնդիրը շարունակում է մնալ ֆինանսավորումը։

Մեծամորի ատոմակայանի հարցում ԵՄ կոշտ դիրքորոշումը հազիվ թե նորություն է Հայաստանի իշխանությունների համար։ Պարզապես այսօր ԵՄ-ն Հայաստանի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունի, քան նախկինում։

Նշենք, որ մայիսի սկզբին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը: Բանակցությունների արդյունքում մինչև այժմ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ: Հետաքրքրական է, որ լիագումար այս նիստին հաջորդել է Ասոցացման համաձայնագրի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը։ Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երևանում:

Այս պայմաններում բանակցությունների առաջընթացի համար ԵՄ-ն կարող է պահանջել Մեծամորի ատոմակայանի շահագործման դադարեցում։

Սակագնի կրկնակի բարձրացում
Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու կառավարության դանդաղկոտությունը երկիրը կանգնեցնում է լուրջ մարտահրավերի առջև։ Խնդիրն այն է, որ եթե հաջողվի անգամ նոր էներգաբլոկի շինարարությունը սկսել 2014թ., ապա լավագույն դեպքում այն հնարավոր կլինի շահագործման հանձնել 2019թ.։

Մասնագիտական հաշվարկներով՝ բավարար ու կայուն ֆինանսավորման պայմաններում էներգաբլոկի բուն շինարարության համար կպահանջվի 5-7 տարի։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտ է սահմանված 2016-ը, ինչը նշանակում է որ առնվազն 3 տարի հանրապետությունը կանգնած է լինելու էներգետիկ դեֆիցիտի խնդրի առջև։

Այսօր ՀԱԷԿ-ը բավարարում է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի մոտ 40%-ը։ Եթե նույնիսկ հնարավոր լինի այս բացը փակել ջէկերի, մասնավորապես «Երևանի ջէկ»-ի և «Հրազդան- 5»-ի հզորությունների հաշվին, վերջնական սպառողի համար սակագների բարձրացումը, միևնույն է, անխուսափելի է լինելու։

Այսօր Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 Կվտ/ժ-ը վաճառվում է ֌6-ով, այն դեպքում, երբ ժամանակակից համարվող «Հրազդան-5» կայանի 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիան իրացվում է ֌26-ով։ Հիմք ընդունելով արտադրող կայանների այսօրվա սակագները՝ մոտավոր հաշվարկներով Մեծամորի ատոմակայանի հզորությունները ջէկերով փոխարինելը կհանգեցնի վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի կրկնակի թանկացման (1 Կվտ/ժ-ը՝ ֌60-ով)։

Եթե հաշվի ենք առնում նաև առաջիկա տարիներին Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման հնարավորությունը և որպես հետևանք ջէկերում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացումը, ապա երկիրը կհայտնվի բարդ սոցիալ-տնտեսական վիճակում։

Ներդրումնե՞ր՝ որտեղի՞ց
Նշենք, որ 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ։ Առ այսօր նախագծում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնել է միայն Ռուսաստանը՝ միջուկային ռեակտորի տեսքով (շուրջ $1 մլրդ)։ Ստեղծվել է նաև հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» ընկերություն, որն էլ պետք է զբաղվի նոր էներգաբլոկի կառուցմամբ։
Ավելին՝ այս տարվա փետրվարին 7-ին «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ավելացնել նախնական պայմանավորվածությամբ նախատեսված 20-25% ներդրումների իր մասնաբաժինը, եթե բաժնետոմսերի 50%+1 փաթեթը պատկանի Հայաստանի կառավարությանը։

Ամեն դեպքում, եթե Ռուսաստանը կատարի անհրաժեշտ ներդրումների կեսը, Հայաստանի կառավարությունը սեփական կամ վարկային միջոցների հաշվին պետք է ներգրավի $2,6-3,6 մլրդ կամ ՀՆԱ-ի 26-35%-ի չափով գումար։

Մեկնաբանել