Արցախը՝ ճնշված ժողովուրդների հովանավոր

Մի քանի օր առաջ արևելագետ ընկերոջս հրավերով Շուշիում ներկա եղա «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստին: Հանդիպմանը քննարկվում էր 2012թ. հոկտեմբեր 5-ից 7-ը Երևանում կայանալիք գիտաժողովի ձևաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։

Ինձ համար մեծ հետաքրքրություն էին ներկայացնում հատկապես սակավաթիվ, պետականություն չունեցող, ձուլման ու ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդների վերաբերյալ զեկույցները՝ ազգությամբ լեզգի, ավար, թալիշ գիտնականների ներկայացմամբ: Նրանցից մեկը նույնիսկ նկատեց, որ Արցախի Հանրապետությունը ոգեշնչման աղբյուր է շատ ժողովուրդների նկատմամբ: Այդ ժողովուրդների շատ ներկայացուցիչներ խտրականությունների են ենթարկվում հարևան Ադրբեջանում:

Կանդրադառնամ ոչ թե հնչեցված զեկույցներին կամ գիտական քննարկումներին, այլ ավելի շատ երևույթին: Հայաստանյան համալսարանական և վերլուծական կոնկրետ շրջանակի նախաձեռնությամբ և հայաստանյան գործարարի ֆինանսավորմամբ տեղի ունեցող այս հավաքը էական նշանակություն ունի նաև Արցախի համար: Ժամանակն է, որ Արցախի կառավարությունը լուրջ քայլեր ձեռնարկի նման նախաձեռնությունները ֆինանսավորելու և դրանց պետական-համակարգային տեսք տալու համար: Ավելին՝ արցախցի հարկատուների վճարած գումարներից միջոցներ պետք է հատկացվեն նաև այս ժողովուրդների ազգային ինքնագիտակցությանը, սովորույթների, լեզվի պահպանմանն ուղղված ծրագրերի համար, ինչպիսին է տարբեր ուսումնասիրությունների, դասագրքերի, մանկապատանեկան ճամբարների, լրատվամիջոցների ֆինանսավորումը: Միաժամանակ այս ժողովուրդների պատմությանն ու առանձնահատկություններին պետք է առնվազն արցախցի ուսանողը ծանոթ լինի:

Արցախահայությունը չպետք է բավարարվի իր ինքնության պահպանման համար մղած պայքարում տարած հաղթանակով և պետք է ստանձնի ճնշված այլ ժողովուրդների հովանավորի դերը: Հայությունը բավական նյութական և մտավոր ռեսուրսներ ունի օգնելու Արցախի Հանրապետությանը՝ վերոնշյալ հովանավորության իրականացման համար: Սա բարոյական պարտականություն է մի ժողովրդի առաջ, որը տարիներ առաջ եղել է նույն կարգավիճակում:

Ընդհանրապես, Հայաստանում կովկասագիտությունը և արևելագիտության որոշ ուղղություններ պետք է կենտրոնանան Արցախում՝ համապատասխան համալսարանական և վերլուծական ծածկույթով: Սրանց մեջ առանձնահատուկ տեղ պետք է ունենա ճնշված ժողովուրդների ուսումնասիրման և աջակցման ուղղությունը:

Ժամանակն է, որ Արցախը ցույց տա տարածաշրջանում լուրջ գործոն լինելու իր ամբիցիաները և բարձրացնի իր քաշը միջազգային հարաբերություններում:

Արցախի իշխանությունների արժեհամակարգին և մոտեցումներին ծանոթ անձինք միգուցե ծիծաղելի համարեն այս առաջարկները Ստեփանակերտում առկա իշխանությունների պայմաններում, սակայն այս պարագայում այլ ելք չկա, քան Արցախի տարածաշրջանային կշռի ավելացման տարբերակներ փնտրելը: Պետք է հրաժարվել Սփյուռքից փող մուրողի իմիջից և զբաղվել լուրջ գործերով:

Ո՞վ պետք է Արցախում զբաղվի վերոնշյալով: Հոգ չէ, որ մասնագետները քիչ են կամ չկան: Նրանց կարելի է փնտրել Երևանում:

Հայաստանյան որոշ շրջանակներ՝ համալսարանական, վերլուծական, հասարակական վաղուց արդեն զբաղվում են այս հարցերով: Հենց նրանք էլ, մեծ սիրով, Արցախում կարող են նախաձեռնել այս կարևոր ուղղությունը: