Վարդան Ղուկասյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

«Ճիշտն ասած՝ նմանատիպ խոսակցություններ ընդհանրապես չկան: Դրանք լրատվական կառույցների հովանավորների մեկնաբանություններն են, ովքեր պատվիրում են. այն բանսարկուները, որ էս երկիրը խառնում են, դրանց մեկնաբանություններն են, թե չէ դա քննարկման առարկա ընդհանրապես չի էլ եղել, և ժողովուրդն ընդհանրապես նման բան չի էլ մտածում: Իսկ էս քաղաքապետը էն մարդն է, որ երբեք ժողովրդին… հետո մնացել է 3-4 ամիս [իմ պաշտոնավարմանը]: Ես փողոցային խոսակցություններին չեմ էլ ուզում պատասխանել… Հավանական է, որ արյունոտ ձեռքեր, դավադիր ապրելակերպ, սատանայական պաշտամունք… նմանատիպ ինչ-որ մի քանի հոգի նստել-մտածել են, և լրատվական կառույցներին խառնել են իրար: Դա աբսուրդ է, քննարկման առարկա չէ,– ասել է Վարդան Ղուկասյանը:– Հետո ես այնպիսի մարդ եմ, որ իմ ժողովրդին երբեք հուսախաբ չեմ արել, իմ հետևում հսկայական զանգված կա: Եթե ես պետք է ճանապարհի կեսին լքեմ ու փախնեմ, չեն ասի՞՝ բա քեզ ընտրեցինք, ինչո՞ւ մեզ թողեցիր, գնացիր: Ինձ այդ հարցը տվել են 1996թ., 2000-ականներին և 2007թ., երբ խփվեցի: Ես այդ ժամանակ հրաժարական չեմ տվել, ես կարո՞ղ է հրաժարական տամ: Ես պայքարից փախչող չեմ, ինձ համար այնքան հետաքրքիր է պայքարի մեջ մտնել: Սովորական կյանքով որ ապրում եմ, լավ չի ստացվում ինձ մոտ»:

Հարցին, թե մի քանի ամիս հետո նորից լինելու է քաղաքապետի թեկնածու, արդյո՞ք իր համար դժվար չի լինելու, Վարդան Ղուկասյանը պատասխանել է. «Նախ՝ ինձ համար աթոռը պաշտամունք չէ, սա հորս աթոռը չէ, ոչ էլ որևիցե մեկի հոր աթոռն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո: Ինչ արել եմ, ժողովրդի աչքի առջև է: Ինչ կատարել եմ և կատարելու եմ, ժողովրդի աչքի առջև է, և եթե ժողովուրդը կնախընտրի ինձ, իր քվեն կտա, ես անպայման նորից կծառայեմ իմ ժողովրդին: Եթե հանկարծակի քաղաքապետը չկարողացավ հավաքել այդքան ձայներ, ես արագ կարգով… եթե շատ ձայներ էլ չհավաքեմ, ասենք՝ հաղթեմ 1000, 2000 կամ 3000 ձայների տարբերությամբ, նոր հրաժարական կտամ, որովհետև ես չեմ տեսնում այն թեկնածուին, որն էնքան բան է արել էս քաղաքի համար, էնքան կյանք է դրել, որքան ես: Եվ ես գիտեմ, որ ժողովուրդն էլ երախտամոռ չէ»:

Մեկնաբանել