Սատարել, թե չսատարել


«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցության հնարավորությունը իրատեսական է և մնացել է միայն համագործակցության ձևաչափի ընտրությունը: «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն… եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթև պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության առաջնահերթ խնդիրը պետք է լինեն առաջիկա նախագահական ընտրությունները. «Հինգ տարիների ամենակարևորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաև նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է»:

Ստացվում է, որ համագործակցության սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանն առաջնահերթ դրել է 2013թ. իրեն սատարելու խնդիրը:  Դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները քաղաքական օրակարգում հիմնական թեման ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին սատարելու հարցն էր: Նույնիսկ 2011թ. փետրվարի 17-ի նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո այդ հարցը մնաց արդիական, և ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի հայտարարել է, որ դա «հաջորդ դասին»:

Կարելի է ասել, որ ընդդիմադիր հռետորաբանությամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ին հաջողվեց շահել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների որոշակի զանգվածի վստահությունը: Սերժ Սարգսյանին սատարելու «բեռը» ուսերին ունենալով և հանդես գալով որպես ՀՀԿ-ի կցորդ՝ ԲՀԿ-ին հազիվ թե հաջողվեր 30-տոկոսանոց վստահության իրական քվե ունենալ: Հիմա, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ 2013թ. սատարելու է գործող նախագահին, կստացվի, որ ընտրություններից առաջ ԲՀԿ-ն կեղծ օրակարգ է ունեցել և զբաղված է եղել ընտրողներին մոլորեցնելով, կամ՝ այնքան սկզբունքային և վճռական չէր, որ չկարողացավ պաշտպանել սեփական օրակարգը և մինչև վերջ տեր չկանգնեց տրված խոստումներին: Մինչև հիմա Սերժ Սարգսյանը որևէ տպավորիչ, փոփոխությունների միտված  քայլ չի արել, ինչը կստիպեր Գագիկ Ծառուկյանին վերանայել իր որոշումը՝ ՀՀԿ առաջնորդին սատարելու առումով: Եթե վերջիվերջո պետք է սատարեր Սերժ Սարգսյանին, ապա ազնիվ չէր լինի՞ արդյոք, որ դա աներ, ասենք՝ 2011թ. աշնանը, և ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գար մայիսի 6-ի ընտրություններին: