Վարազդատ Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել

Վարազդատ Կարապետյանը ազատման դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին ինքը՝ Վարազդատ Կարապետյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

2020 թ․ նոյեմբերի 25-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել և գործուղվել էր Չինաստան։

«Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին։ Այս ամենին հասնելու ճանապարհը չենք կարող սևերի ու սպիտակների բաժանելով, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդելով ու քայքայելով անցնել»,- գրել է Վարազդատ Կարապետյանը։

Նա հայտնել է, որ այժմ ընկերների հետ ստեղծում է ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ․ «Առաջիկայում կգրեմ կամ կպատմեմ մեր ծրագրերի մասին ավելի ընդարձակ»,- գրել է Կարապետյանը։

Մեկնաբանել