Ադրբեջանական կողմը փոխանցել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- հայտնում են ծառայությունից։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ այսօր՝ փետրվարի 16-ին, որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

Հրադադարից հետո մինչ այսօր, ըստ ԱԻՊԾ-ի՝ հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: