Գործադիրը հաստացնում է թոշակները

Միջազգային ֆինանսական կառույցներն առաջիկա տարիներին չեն բացառում ճգնաժամի կրկնություն, ինչին ընդառաջ Հայաստանի կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում ապահովագրելու ներդրվելիք կենսաթոշակների կուտակային համակարգը։ Վերջինիս ներդրման հարցում գործադիրը թեև շարունակում է ավելացնել որոշումների քանակը, համակարգի ներդրումն այդպես էլ տեղից չի շարժվում։

Կենսաթոշակային համակարգին վերաբերող իրավական փաստաթղթերի պանակը երեկ ավելացավ ևս մեկով։ Կառավարության նիստում հաստատվել է մի որոշում, որն առնչվում է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված (նախորդ տարվա) տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևին, բովանդակությանը և կարգին։

Իհարկե, կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգում գործառույթների կանոնակարգումը կարևոր է ու անխուսափելի, այդուհանդերձ առաջնային է նաև կամավոր կուտակային համակարգի ներդրումը։

Անցած տարվա երկրորդ կեսին Կենտրոնական բանկը և կառավարությանը կարծես ընդունել էին իրավական անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավորություն էին տալու գրանցել կամավոր կուտակային ֆոնդերի կառավարիչներ։ Սակայն առ այսօր մասնավոր հատվածից ԿԲ՝ ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու դիմողներ այդպես էլ չեն եղել։

Կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի միջև թեև առկա են տարբերություններ, սակայն կամավոր համակարգի ներդրումը և մեկ օր շուտ գործարկումը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, մասնավորապես օրենսդրության մակարդակում։ Չափազանց կարևոր է մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014թ.) վերհանել հնարավոր բոլոր ռիսկերը և տալ դրանց լուծումները։ Պարտադիր կուտակային համակարգի արդյունքները, իսկ համակարգում ընդգրկվելու է հասարակության լայն մի զանգված, տեսանելի կլինեն միայն երեսուն տարի անց։ Սա, իր հերթին, նշանակում է, որ հիմքում թույլ տված ճաքերը կբացահայտվեն միայն 30 տարի անց։

Նշենք, որ արդեն այսօր պարտադիր համակարգում առկա են ռիսկեր։ Խնդիրն այն է, որ հավաքագրված միջոցները պետք է տեղաբաշխեն ֆինանսական գործիքներում՝ ապահովելով եկամուտներ։ Գլոբալ զարգացումները ցույց տվեցին, որ ամենահուսալի արժեթղթերն անգամ մի քանի տարում կարող են հայտնվել «աղբային» մակարդակում։

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրամիության երկրների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, բանկերի ավանդներում, արժեթղթերում, վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում։

Նշենք, որ ԵՄ երկրներից շատերը, մասնավորապես Հունաստանը, Իսպանիան, Իտալիան բախվել են պարտքային խնդիրների։ Մարտին դուրս գրվեց նույնիսկ հունական պարտքի մի մասը, ու Հունաստանը հարկադրված գնաց կառավարվող դեֆոլտի ճանապարհով։
Մյուս կողմից՝ առաջիկա հինգ տարիների համար միջազգային ֆինանսական կառույցների և վարկանշային գործակալությունների կանխատեսումներն այդքան էլ լավատեսական չեն։ Մայիսի սկզբին Standard & Poors վարկանշային գործակալությունը հաշվարկել էր, որ առաջիկա հինգ տարիներին միջազգային ընկերությունների և կառավարությունների վարկային պարտավորությունները ֆինանսավորելու համար անհրաժեշտ կլինի $43-46 տրլն։ Այդ գումարից $30 տրլն-ն անհրաժեշտ է լինելու ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի ընկերությունների և կառավարությունների մինչճգնաժամային վարկերի և պարտատոմսերի վերաֆինանսավորման համար։ Գործակալության փորձագետների կարծիքով՝ այս հանգամանքը նոր ճգնաժամի առաջացման ռիսկեր է պարունակում։

Ըստ էության՝ նոր ճգնաժամը կարող է համընկնել Հայաստանում պարտադիր կուտակային համակարգի ներդրման հետ, իսկ կառավարությունը դեռևս չի շտապում հանդես գալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններով՝ սահմանափակելով ֆինանսական այն գործիքների թիվը, որոնցում կարելի է ներդրումներ կատարել։ Իսկ թե որքանով Հայաստանի կուտակային համակարգն ապահովագրված կլինի կառավարության կողմից պարբերաբար ընդունվող նորմատիվ ակտերով, ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանել