Եթե 7 շրջանը հանձնվելու էր, ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ներդրվում այդ տարածքներում․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 15-ի հարցազրույցում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։ Մարուքյանը հարց է բարձրացնում, եթե 7 շրջանները փոխանցվելու էին, ինչու էին ներդրումներ արվում նշված տարածքներում։

«Եթե դա այդպես էր, ապա ինչու՞ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։ Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մարուքյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշում է, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։

«Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։ Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանել