Ֆրանսուա Օլանդը հանդիպում է աշխարհին

Երբ Ֆրանսուա Օլանդը նոր էր ընտրվել Ֆրանսիայի նախագահ, և լրագրողներից մեկը նրան հարցրեց, թե ինչ լեզվով է խոսելու, երբ առաջին անգամ հանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, Օլանդը հետաքրքիր պատասխան տվեց: «Ես նախորդ նախագահից ավելի լավ եմ խոսում անգլերեն»,– պնդեց սոցիալիստ առաջնորդը՝ նկատի ունենալով հեռացող Նիկոլա Սարկոզիին: «Սակայն Ֆրանսիայի նախագահը պարտավոր է խոսել ֆրանսերեն»,– ասում է նա:

Հայտարարելով գլոբալ հաղորդակցման լեզվին տիրապետելու իր վարպետության մասին՝ Օլանդն իրեն հաստատում էր որպես ժամանակակից պետական գործիչ և միևնույն ժամանակ ակնարկում, որ միջազգային թատերաբեմում Ֆրանսիան հնարավորինս կպահպանի իր ազդեցությունը: Անշուշտ, նա հայտարարում էր ինտերնացիոնալիզմին և մուլտիլատերալիզմին իր հանձնառության մասին:

Որպեսզի Ֆրանսիան կարողանա մնալ այնպիսի երկիր, որը դիվանագիտական հարթությունում ավելի հզորների հետ է մրցակցում, Ֆրանսիայի համար շահեկան կլինի գործել միջազգային կազմակերպությունների միջոցով, քան ապավինել երկկողմ հարաբերություններին:

Օլանդը նաև գիտակցում է, որ պատմական և մշակութային գործոններով պայմանավորված՝ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դերը պետք է տարբերվի այլ երկրների դերից: Փետրվարին տպագրված իր «Փոխելով ճակատագիրը» գրքում Օլանդը հաստատում է, որ աշխարհին Ֆրանսիայի ասելիքը կշարունակի մնալ համամարդկային՝ դիրքորոշում, որը գալիս է 1789թ. Ֆրանսիական Հանրապետության ծնունդից, որը, ինչպես Միացյալ Նահանգների դեպքում է, ի սկզբանե ընկալվում էր որպես ազատության և ժողովրդավարության հաղթանակ:

Այդուհանդերձ, ի տարբերություն Ֆրանսիայի, «սոցիալիստ» բառը շատ ամերիկացիների համար մակդիր է: Սակայն սա կարող է ուժի աղբյուր լինել Օլանդի համար, որը՝ որպես արտաքին քաղաքականությունում փորձ չունեցող նոր առաջնորդ, ստիպված կլինի իր կարողություններն ապացուցել գործով: Իսկ այստեղ Օբաման մասնավորապես շուտով կհասկանա, որ Օլանդը մտադիր չէ արմատական փոփոխություն կատարել: Ընդհակառակը, Օլանդը կցանկանա երևալ որպես վստահելի և կայուն գործընկեր:

Քիչ հավանական է, որ Օլանդը պակաս սիրալիր լինի Ամերիկայի հետ հարաբերություններում, քան Սարկոզին, որը Ֆրանսիայի՝ երբևէ եղած ամենաամերիկամետ նախագահն էր: 2011թ. Օլանդը կողմ արտահայտվեց Լիբիայում ռազմական միջամտությանը, ապա միացավ միջազգային հանրության՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի քննադատությանը: Օլանդի մտերիմ քաղաքական դաշնակիցներից մեկը վերջերս հայտարարեց, որ եթե հանկարծ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատի Սիրիայում ռազմական միջամտության հարցը, Ֆրանսիան «հնարավոր է՝ մտածի» այդ գործողություններին մասնակցելու մասին:

Ֆրանսուա Օլանդը նաև կողմնակից է Իրանի նկատմամբ խիստ քաղաքականությանը, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասով նա իր գրքում նշում է, որ համամիտ է «Քլինթոնի չափորոշիչներին»՝ երկու պետություն անվտանգ սահմաններով, իսկ Երուսաղեմին՝ կարգավիճակ, որը երկու կողմերի համար էլ ընդունելի կլինի: Ինչ վերաբերում է Արաբական աշխարհի հետ Ֆրանսիայի հարաբերություններին, վստահ կարելի է ասել, որ Օլանդը կհամաձայնի այլ երկրների հետ հարաբերություններում ներգրավվածությանը կողմ լինելու մասին 2009թ. Կահիրեում Օբամայի ելույթի հիմնական գաղափարին:

Վերջապես, որը ոչ պակաս կարևոր է, Օլանդը հազիվ թե կասկածի տակ դնի Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությանը վերաինտեգրելու՝ Սարկոզիի 2009թ. որոշումը: Ֆրանսիայում այդ որոշումը շարունակում է վիճահարույց մնալ, այդ թվում և սոցիալիստների շրջանում, սակայն Օլանդը քաջատեղյակ է, թե ինչ թուլություններ ունի եվրոպական պաշտպանական քաղաքականությունը, որը պարզապես անկարող է մրցել ՆԱՏՕ-ի հետ:

Այդուամենայնիվ, մայիսի վերջին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Օլանդը կհաստատի 2012թ. վերջին Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մասին իր խոստումը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ժամանակացույցից երկու տարի շուտ (թեև նա ընդունում է, որ անհրաժեշտ է բանակցել գործնական մանրամասների շուրջ): Օլանդի համար այս հարցը կարևոր թեստ կլինի, որպեսզի նա ցուցադրի դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցելու իր կարողությունները:

Այլ առաջնորդների հետ բանակցելու Օլանդի ունակություններն ստուգելու երկրորդ թեստը կլինի Եվրոպայի ներսում: Նրա նախընտրական ծրագրի ամենահավակնոտ առաջարկներից մեկով կոչ է արվում վերսկսել բանակցությունները Եվրոպական Միության նոր «հարկաբյուջետային պակտի» շուրջ, որին սատարում են ԵՄ բոլոր անդամները՝ բացառությամբ Միացյալ Թագավորության և Չեխիայի Հանրապետության: Այդ պակտը առաջարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ որպես նախապայման, որ եթե այն հավանության արժանանա, ապա Գերմանիան կմասնակցի Հունաստանի և եվրոգոտու՝ տնտեսական խնդիրներ ունեցող այլ երկրների ֆինանսական աջակցության ծրագրին:

Օլանդի առաջարկությունն սկզբում դիտվում էր որպես դավաճանություն Գերմանիայի նկատմամբ: Այժմ եվրոպական բոլոր երկրների ղեկավարները (սկսած Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիից, վերջացրած Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյով և Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյով) համաձայն են, որ անհրաժեշտ է վերականգնել եվրոպական տնտեսությունը: Նույն տեսակետն ունեն նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը և, անշուշտ, ինքը՝ Անգելա Մերկելը:

Մայիսի 15-ին [սույն հոդվածը հրապարակվել է մայիսի 10-ին–խմբ.] Բեռլինում Օլանդն ու Մերկելը կքննարկեն գլխավոր հարցը՝ առանց պետական պարտքն ավելացնելու ինչպես խթանել տնտեսական աճը: Թեև Մերկելը դեմ է Օլանդի՝ եվրոպարտատոմսերի թողարկումով արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման առաջարկին, նրանք չեն կարող իրենց թույլ միասնության կոչերով անհանգիստ շուկաները կարգավորելու վրա ժամանակ վատնել: Մերկելն արդեն ողջունել է Եվրոպայում տնտեսական աճի ծրագրի շուրջ Օլանդի գաղափարները: Օլանդը նույնպես ստիպված կլինի զիջումների գնալ:

Ինչպես բոլոր եվրոպացիների, այնպես էլ ֆրանսիացիների համար ԵՄ-ն օտար կառույց չէ, և ԵՄ որոշումները անդամ պետությունների ներքին քաղաքականության անբաժան մասն են: Այս իմաստով՝ Օլանդը հնարավորություն ունի միջազգային ասպարեզում հաջողության հասնել՝ որպես իսկական եվրոպամետ առաջնորդ: Միայն ուժեղ Եվրոպան կապահովի փոխշահավետ առևտուր զարգացող երկրների, հատկապես Չինաստանի հետ: Միայն ուժեղ Եվրոպան վերջապես կիրագործի փոխադարձության սկզբունքը, որպեսզի պաշտպանի եվրոպական բիզնեսը և կանխի դրանց վերատեղակայումը, ինչը մինչ այժմ եղել է գործազրկության հիմնական պատճառը:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում Օլանդն ասել է, որ «Ֆրանսիան պարզապես եվրոպական ինչ-որ երկիր չէ, ոչ էլ Ֆրանսիայի նախագահն է ինչ-որ երկրի առաջնորդ»: Ֆրանսիացիներն ուրախ են լսել դա: Սակայն այդ հավաստիացումը նաև Օլանդի գլխավոր մարտահրավերն է. անել հնարավորը, որպեսզի 21-րդ դարի գլոբալիզացիայի պայմաններում այն մնա որպես իրականություն:

Մեկնաբանել