Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել խմբակցությունից դուրս գալու մասին: «Ֆեյսբուքի» իր էջում Պետրոսյանը գրել է, որ շարունակելու է Ազգային ժողովում իր աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։

Պատգամավորը այլևս նպատակահարմար չի համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իր գործունեությունը՝ «հապաղելու, վճռականության պակասի» պատճառով։

«Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով:

Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»,- գրել է Գևորգ Պետրոսյանը։