Իրանի խորհրդարանական պատվիրակություն կժամանի Հայաստան

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը առաջիկայում կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորը տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

«Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները»,- հայտնել է Մխիթար Հայրապետյանը։