Կառավարությունը կպայքարի քաղաքական կոռուպցիայի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նա, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

«Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն։ Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիստի ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը:

«Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում, ԲԴԽ-ի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ: Նիստում կարծիք է հնչել, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը: Արծարծվել է նաև դատավորների վարձատրության հարցը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել