Ռուսերենը Արցախում կարող է պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալ

Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Ըստ նախագծի՝ ԼՂՀ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, տարբեր ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխության առաջարկում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: