«Արդյունավետ կրթության համար դասարանում պետք է մի քիչ ձանձրալի լինի․ ձանձրույթն ուղեղի զարթոնքի նախադրյալ է»

առաջին դասարանցի schoolchildren

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է կրթության զարգացման մասին։ «Եթե նախկինում կրթության զարգացումը դիտում էինք ազգանպաստ, կարևոր քայլ, այս պահին այն դիտում ենք որպես փրկագործություն»,- ասում է Փախչանյանը։ Նա չափազանց կարևորում է կրթության ապաքաղաքականացումը․ «Երբ կրթությունը դնում ենք քաղաքական փոթորիկների մեջ, այն կործանվում է»։ Արամ Փախչանյանի համոզմամբ՝ կրթական բարեփոխումներին դիմադրում է առաջին հերթին ԿԳՄՍՆ-ը՝ ձգտելով պահպանել ստատուս քվոն։ Արամ Փախչանյանի հետ հարցազրույցի հիմնական մտքերը՝ ստորև։

Կրթությունը՝ որպես  փրկագործություն 

Պատերազմը մեզ վերստին ապացուցեց, որ մեր նախաձեռնած կրթության զարգացման գործունեությունը ծայրահեղ կարևոր է։ Եթե նախկինում սա դիտում էինք որպես ազգանպաստ, հայրենանպաստ քայլ, այս պահին դիտում ենք որպես փրկագործություն։ Բացի այդ, մենք հիմա հանրության մեջ վստահության կորուստ ունենք։ Այդ ֆոնին «Այբը» վստահության այն եզակի կղզյակներից է, որը պահպանվել է։ Մենք դա զգում ենք, տեսնում ենք արձագանքներից, որոնք ստանում ենք։ Վստահություն ունեն այն կառույցները, որոնք շարունակել են հետևողական լինել իրենց հանրային ծառայության մեջ երկար տարիներ։

Կրթությանը տրամադրվող ֆինանսների և կրթության ապաքաղաքականացման մասին

Ֆինանսները միանշանակ կարևոր են, բայց դրանք գալիս են այնտեղ, որտեղ կա լավ գաղափար։ Հնարավոր չէ ուղղակի գումար ծախսելով՝ ստանալ լավ արդյունք, այլապես ԱՄՆ-ի նման հարուստ երկիրը կունենար լավ կրթական համակարգ։ Խնդիրն առաջնահերթ գաղափարական է։ Իմ խորը համոզմամբ՝ տեսլականը և դրան հետևող կրթական գաղափարախոսությունը, ծրագրերը, գործողությունները պետք է մշակվեն մասնագետների կողմից, ոչ թե քաղաքական գործիչների։ Կրթությունը պետք է ապաքաղաքականացվի։ Եթե կրթությունը դնում ենք քաղաքական փոթորիկների մեջ, այն կործանվում է։ Կրթության ամեն նախարար բերում էր իր պատկերացումները, իր օրակարգը, և կրթության նավակը սկսում է գնալ այս ու այն կողմ՝ նպատակին չհասնելով։ Պետք է լինի իշխանություններից անկախ մասնագիտական կենտրոն, որը կսահմանի կրթության քաղաքականությունը՝ ելնելով մեր երկարաժամկետ նպատակներից, որոնք պետք է հաստատի խորհրդարանը։ 

Կրթական բարեփոխումների հանդեպ դիմադրության մասին

Եթե որևէ երկրում կա մի կառույց, որը դիմադրում է կրթական բարեփոխումներին, դա նախարարությունն է։ Զարմանալի է, բայց այդպես է։ Զարմանալի է նաև այն, որ շարունակելով խորհրդային մտածողությունը՝ որևէ էկոնոմիկայի նախարար չի դիտում խանութի տնօրենին որպես իր ենթակայի և չի փորձում հրահանգել, թե խանութներում ինչպես պետք է վաճառվեն ապրանքները։ Նրա նպատակը ոլորտը զարգացնելն է ու դրան նպաստող խաղի կանոններ սահմանելն է։ Բայց, չգիտես ինչու, կրթության նախարարությունը որոշել է, որ ոչ թե պիտի լինի այդ նույն գործառույթն իրականացնող մարմինը, այլ կրթական համակարգին որոշումներ թելադրողը, ինչը սխալ է։

Մասնավոր դպրոցների լավագույն փորձը՝ հանրակրթական դպրոցներում

Մենք «Այբ» դպրոցը ստեղծել ենք, որ այն նաև ազդեցություն ունենա Հայաստանում հանրակրթության վրա։ Բարերարների տրամադրած գումարների մեծ մասը ներդրվել է, որ մենք ոչ միայն զուտ երեխաներ կրթենք, այլև փորձարկենք այդ ծրագիրը, և այն տարածվի հանրակրթական դպրոցներում՝ որպես փորձարկված, միջազգայնորեն ճանաչված և բավարար համբավ ունեցող ծրագիր։

Մեր երազանքն այն է, որ մի օր «Այբ» կրթական հանգույց հիմնադրամը կարողանա դադարեցնել իր գործունեությունը որպես հիմնադրամ և նվիրաբերի շենքն ու ամբողջ դպրոցը պետությանը։ Մենք ունենանք այնպիսի հանրակրթություն երկրում, որ արդեն «Այբի» նման այնքան դպրոցներ լինեն, որ այն լինի դրանցից մեկը։ Մենք միևնույնն է՝ պետք է մտածենք այն մասին, որ Հայաստանը կունենա լավ կրթական համակարգ, որովհետև մենք այդ նախադրյալներն ունենք։  

Առցանց գործիքների ու համահայկական կրթական ցանց ստեղծելու մասին

Առցանցը հաստատ փոխելու է կրթական համակարգը։ Մենք բացահայտեցինք, որ շատ երեխաների համար առցանց կրթությունն ընդունելի է, ընկալելի է և բավականին արդյունավետ է։ Բայց այն չի կարող լինել պարտադրված, երկարաժամկետ, այն պետք է համադրվի այլ ձևաչափերի հետ։ Առցանց կրթությունը բազմաթիվ խնդիրների լուծում է տալիս․ փոքր համայնքներում որակյալ կրթության ապահովում, Սփյուռքին հայեցի կրթության հնարավորություն, համահայկական կրթական ցանց ստեղծելու հնարավորություն։

Տեղեկատվության ստացման ձևերի, խաղերի ու իրականության սահմանի վերացման մասին

Ամեն սերունդ նախորդից արդեն ինչ-որ բանով տարբերվում է։ Ցավոք, մենք տեսնում ենք երեխաների մոտ տեղեկատվության և աշխարհի նկատմամբ չափից դուրս խաղային վերաբերմունք։ Նրանք այնքան են սովորել խաղալ, որ իրականության ու խաղի միջև եղած սահմանը ջնջվել է։ Ինձ շատ է մտահոգում ուսումնառության մեջ խաղային մեթոդների վրա չափազանց շեշտադրումը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետ կրթության համար դասարանում պետք է մի քիչ ձանձրալի լինի։ Ձանձրույթը կարևոր նախադրյալ է ուղեղի զարթոնքի համար։ Եթե դու անընդհատ ուղեղը զբաղեցնում ես, իրականում այն կարող է չսովորել։ Այնպես որ՝ դասարանի անաղմուկ, հանգիստ վիճակը շատ կարևոր է։ Երբ երեխաները հորանջում են դասին, դա էլ է նորմալ։ Դրանից պետք չէ խուսափել։ Ժամանակակից երեխաներին այդ ձանձրույթից հանելը դժվար է դարձել , բայց մյուս կողմից՝ նրանք շատ զգայուն են դարձել, զարմանալիորեն զգում են  մարդկանց, նրանց հնարավոր չէ խաբել։ Այսօրվա ուսուցիչը պետք է կարողանա երեխաների հետ լինել անմիջական հարաբերությունների մեջ՝ իհարկե, պահպանելով համապատասպան դերերը։  Եթե երեխան ուսուցչին անձնապես չվստահի, ոչինչ չի ստացվի։ 

Պատրաստեց Ժաննա Ավագյանը