Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը նշեց, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:
Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության՝ համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները ունեցել են մտքերի երկարատև և բովանդակային փոխանակում՝ տարածաշրջանում կայունության առաջմղման, միջնորդական գործընթացի իրագործումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերը»,- ասված է միջնորդների հաղորդագրությունում։
Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը համանախագահների հետ տեսակապի միջոցով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման հետ կապված հարցեր։
Այսօր՝ փետրվարի 17-ին, Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան։
Լուսանկարը՝ Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպումից