Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։

«Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Ըստ Թանդիլյանի՝ պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։

«Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։ Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։ Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»,- ասվում է նախարարի գրառման մեջ։

Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Ըստ նախագծի՝ ԼՂՀ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:

Մեկնաբանել