Այվազյանը Լավրովի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Այվազյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։

«Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ:

«Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։ Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ արտգործնախարարության՝ հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Փետրվարի 17-ին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրկին քննարկման առանցքում է եղել գերիների վերադարձը։

Մեկնաբանել