Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Գախարիայի հրաժարականը տեղի է ունեցել երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին։

«Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Անկասկած, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այդ քայլը կնպաստի մեր երկրում բևեռացման նվազեցմանը։ Մեր միջև բևեռաուցմն ու հակամարտությունը ամենամեծ վտանգն է երկրի ապագայի, տնտեսական զարգացման համար»,- ասել է Գախարիան։

Նա շեշտել է, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի կալանքի որոշման շուրջ։

***

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանքի որոշում է կայացվել։ Նիկա Մելիան մեղադրվում է 2019թ․ ամռանը Վրաստանում հակառուսական ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպման, խմբակային բռնության համար։

Նրա նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը։

Փետրվարի 17-ին Մելիան զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո դատախազությունը դիմել է դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ այն բանի համար, որ նա հրաժարվել է վճարել գրավը։

Մեկնաբանել