Ռիսկային խմբից դուրս անձանց կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի վճարովի․ նախարար

Պետպատվերի շրջանակում Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկային խմբի մեջ ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով, ոչ թե պարտադիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ռիսկային խմբի մեջ են մտնում տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները. «Այս պահին երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն»,- ասաց նա։

Հարցին, թե ռիսկային խմբից դուրս անձանց համար պատվաստումը վճարովի է լինելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այո։ Նույն թեստավորման փորձառությունն ինչպես կիրառեցինք, որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմունքներով հանձնում են թեստը։ Նույն տրամաբանությունը կլինի նաև պատվաստանյութի դեպքում»։