Մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախի համայնքներում ընտրություններ չեն անցկացվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է հենց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,- գրել է Խանումյանը։

Նրա խոսքով՝ նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ․ «Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է նախարարի գրառման մեջ։