2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ. նույնականացված է 3 389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9 094 անձ: Այս մասին հայտնում է Հայաստանի դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցությամբ այսօր՝ փետրվարի 18-ին, ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը։ Խորհրդակցությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ. Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3 016 դեպք, ինչը 2 087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ: Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը, ըստ դատախազության՝ պայմանավորված է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1 501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3 016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ. ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ: Հիմնավորվել են 221,5 մլն դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61,3 մլն դրամ վնասը: