Դրամն անցել է հոգեբանական շեմը

Այսօր «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում արձանագրվել է $1/Դ399,5 միջին կշռված փոխարժեք, նախորդ օրվա համեմատ դրամը բորսայում արժեզրկվել է 1,5 կետով։ Մայիսի 18-ին բորսայում իրականացվել է ընդհանուր առմամբ $900 հազ-ի առք ու վաճառքի գործարք։

Հաշվի առնելով շաբաթվա առաջին երեք օրերին բորսայում իրականացված գործարքների ծավալը՝ կարելի է ենթադրել, որ շաբաթվա վերջում թանկ դոլարն այդքան էլ պահանջարկված չէ շուկայում և գերակշռում են դրամի արժևորման սպասումներ։ Նշենք, որ շաբաթվա սկզբում առկա էին դրամի արժեզրկման սպասումներ. մայիսի 14-ին բորսայում իրականացվել է $4,45 մլն-ի գործարք, մայիսի 16-ին՝ $8,55 մլն։

Շաբաթվա ընթացքում բավական տարօրինակ վիճակ է արձանագրվել նաև արտարժույթի ներբանկային շուկայում։ Այսպես. նախորդ շաբաթվա համեմատ բանկերը 34,5 անգամ շատ եվրո են գնել (ընդհանուր առմամբ՝ €145,7մլն), 12,7 անգամ շատ էլ վաճառել (€152,7 մլն)։

Դոլարի առք ու վաճառքի գործարքներն արտարժութային շուկայում էապես չեն տարբերվել նախորդ շաբաթվա ցուցանիշներից։

Արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է $75 մլն (նախորդ շաբաթվա համեմատ $11 մլն-ով ավելի) և վաճառվել է $90,7 մլն (նախորդ շաբաթվա համեմատ՝ $15,6 մլն-ով ավելի)։ Իհարկե, նախորդ շաբաթվա համեմատ դոլարի պահանջարկն աճել է, բայց միևնույն ժամանակ բանկերը 219 մլն-ով ավելի շատ ռուբլի են գնել, ինչը դոլարային արտահայտությամբ կազմում է $7 մլն։

Արտարժութային շուկայում գործարքների ծավալներից երևում է, որ շաբաթվա ընթացքում թեև դոլարի և եվրոյի պահանջարկը գերազանցել է առաջարկը $17 մլն-ով, սակայն սա այն ծավալը չէ, որը 3 կետով կարժեզրկեր դրամը։

Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ դրամի արժեզրկումը կրել է սպեկուլյատիվ բնույթ։ Չի բացառվում նաև, որ նախընտրական շրջանում դրամի բնականոն արժեզրկումը չափից շատ է զսպվել և այժմ գործում է զսպանակի էֆեկտը՝ փոխարժեքը ձգտում է իրական մակարդակի։