ՍԴ-ն կքննի ՀԱԿ-ի դիմումի հիման վրա հարուցված գործը

«ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. այսօրվա աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայ ազգային կոնգրես դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան` ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու պահանջով:

Բացի Կոնգրեսից, ՍԴ են դիմել նաև ընտրություններին մեծամասնական ընտրակարգհով մասնակցած 6 թեկնածուներ:
Երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով և Սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։

Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի և թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթևոսյանի կողմից։

Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։

Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները և զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։