Ժողովուրդը ձանձրանում է

Անցած շաբաթ սպասում էի, որ նորընտիր իշխանություններս ինչ-որ բան կասեն, բայց հուսախաբ եղա. գերլռության շաբաթ էր: Տեսա, որ ինձ բան չեն ասում, սկսեցի կասկածել, գուշակել, բամբասել:  Ինձ թվում էր, որ այս շաբաթ ես պիտի դուրս գայի փողոց, բայց հավես չարեցի, ասացի՝ ավելի լավ է տանը տաք-տաք նստեմ ու սպասեմ:

Չեմ կարող ասել, թե քիչ են խոսում, պարզապես իմ մասին չեն խոսում, այլ նրանց, ում ես, իրենց ասելով, ընտրել եմ: Մտածում էին, թե ում ինչպես կպցնել, ով է ում պետք, կամ էլ մեկը մյուսին ընդհանրապես պետք է, թե չէ: Հինգշաբթի ժողով էլ արեցին, քննարկեցին, պայմանավորվեցին, բայց էլի ասացին՝ նստի տեղդ, երբ պետք լինի, էդ ժամանակ էլ կիմանաս:

Այս շաբաթ գուշակում էին, թե կյանքիս որ ոլորտով ով է զբաղվելու: Ասում էին, որ արտակարգ իրավիճակների դեպքում արծիվներն են ինձ հասնելու, մասնավորապես այս արծիվը՝ Սյունիքից, բայց որ ուշադիր նայում եմ, ինձ թվում է՝ նա ինձ կհասնի երեսուն-քառասունականների Գերմանիայից: Ասում էին նաև, որ իմ կապն ու տրանսպորտն էլ ապահովելու է այս մարդը, երևի, որ Դոմինգոյի բոլոր ճամփեքը դեպի ինձ փակի:

Հա, ի դեպ, ընտրյալներս սկսել են արդեն խոստումները կատարել, բայց դա ինձ հետ կապ չունի: Իրար տված խոստումներն են կատարում՝ քեֆ, ուրախություն, ուտել-խմել:

Ինձ հետազոտելն էլ այս շաբաթ դադարեցին, դիտորդները գնացին, ու հիմա իմ կյանքը հետազոտելը մնաց միայն ինձ վրա:

Ընտրությունների ժամանակ խառն էի, չէի նկատել, բայց այս շաբաթ ուշադիր ուսումնասիրեցի ու հասկացա, որ իմ հարազատ դրամն աժեզրկվել է, փորձագետներն ասում են՝ շուտով աչքս թանկ գներ է տեսնելու: Գներն ի դեպ իմ երկրում ամենաաճող երևույթն են, ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, դրանց արանքում էլ:

Վարչապետս էլ ասաց, որ, չէ՛, էս վերջին մի տարում կարգին ապրել եմ, ամեն ինչ նորմալ է ինձ մոտ, գնաճը զսպել են, իսկ ովքեր էլ որ քննադատում են, բան չեն հասկանում, անգրագետ են: Նախկին իշխանություններիս ներկայացուցիչներն էլ արձագանքեցին, որ, հա՛, կայուն է իմ  վիճակը, բայց աշխարհից ինչքան հեռու եղել եմ, էտքան հեռու էլ շարունակում եմ մնալ, ու որ արդեն ուշ է գնաճի վրա ազդել, պետք է տնտեսական աճս ապահովել, որ ապագաս անորոշ չմնա:

Այս շաբաթ իմ նախագահը մեկնեց Ռուսաստան, անվտանգության մասին էին խոսում ուրիշների նախագահների հետ, բայց ասում են, որ Ռուսաստանի նախագահը չէր ուզեցել հանդիպել նախագահիս հետ, հետո էլ ասեցին, չէ՛, ուղղակի նախագահիս այցն էր կարճ, չհասցրեց: Ճիշտն ասած, եթե էտ ասող-չասողներին թվում է, թե ես դրա պատճառով գիշերները չեմ քնում, չարաչար սխալվում են: