Ադրբեջանի իրական կորուստները պատերազմում «թաքնվում են» պաշտոնական թվերի հետևում

Գեորգի Միրզաբեկյան

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի պաշտոնական շրջանակների հայտարարած՝ 2 783 մարդկային զոհերի թիվը պարբերաբար կասկածի տակ է դրվում փորձագիտական շրջանակներում և անկախ հարթակներում: Այն անվերապահորեն ընդունվել է Թուրքիայում՝ միաժամանակ նշվելով, որ հայկական և ադրբեջանական կորուստները հատել են 5 000-ի շեմը:

Այնուամենայնիվ, փաստ է, որ Ադրբեջանը պատերազմի շրջանում ընդհանրապես չի հայտարարել մարտական կորուստների մասին՝ բավարարվելով միայն քաղաքացիների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներով:

Free Azerbaijan անկախ հարթակի փոխանցմամբ՝ իշխանությունները, զգուշանալով սենսացիոն բացահայտումներից, շտապել են իրականությունից հեռու տվյալներ ներկայացնել: Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 6-ին տված հարցազրույցում գաղտնի պահելով զոհերի թիվը, «խոստացել էր» այն հրապարակել ակտիվ մարտական գործողություններից հետո: Հղում անելով ռուս որոշ փորձագետների՝ կայքում շրջանառվել է ընդհուպ մինչև 20-25 000-ի հասնող կորուստների վարկածը: Մեդիա հարթակն անարդար է համարել հսկայական մարդկային կորուստների գնով պատերազմում «կիսահաղթանակի» հասնելու պարագայում Ալիևի գոհունակ վարքագիծն ու ամենուրեք սեփական պատկերով պաստառների տարածումը:

«Ալիևը վախենում է, որ վիճակագրությունը կհանգեցնի անսպասելի, անգամ սենսացիոն եզրահանգումների, այդ պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է կեղծ թիվ՝ 2 783 զոհված զինծառայող։ Չնայած՝ մերձիշխանական լրատվամիջոցները ժողովրդին նախապատրաստել են այլ թվերի՝ կանխատեսելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատերազմում կարող էր կորցրած լինել 9-12 000 մարդ, և, իբր, ռազմագիտության տեսանկյունից դա միանգամայն ընդունելի կորուստ է»,- նշում է Free Azerbaijan-ը։

BBC Russian-ը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հնարավոր զոհերի թվին, շեշտել է, որ ի հակադրություն պատերազմի ընթացքում Բաքվի զոհերի մասին լռությանը՝ հայկական կողմը հոկտեմբերի 20-ի դրությամբ հայտնել է հակառորդի 6 309 մարդկային կորստի մասին: Կայքը ուշադրություն է դարձրել, որ շուրջ 100 000 բնակչություն ունեցող Մինգեչաուրում BBC-ի լրագրողները հոկտեմբերի 20-ին 26 նոր դի են հայտնաբերել, ինչը, ըստ հրապարակման, գերեզմաններում տիրող ընդհանուր վիճակի հետ միասին ցույց է տալիս պատերազմի ծավալները։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նույնպես փաստում է սեփական մարտական կորուստների հարցում պաշտոնական Ադրբեջանի լուռ կեցվածքը՝ նկատելով, որ Բաքուն այդպես էլ չի հայտարարել 2016 թ. “Ապրիլյան պատերազմ”-ում կրած կորուստների թիվը:

Թեպետ նոյեմբերի 8-ի 16:00-ի դրությամբ՝ հայկական կողմը հայտնել է ադրբեջանական 7 630 կորստի մասին, Միքայելյանը նշել է, որ իրեն հասու չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հայկական տվյալները միայն հոկտեմբերի 17-ից հետո են ստույգ, իսկ մինչև այդ շուրջ 1,5 անգամ ուռճացված են եղել: Քաղաքագետը եկել է այն եզրահանգմանը, որ ադրբեջանական կորուստների թիվը կազմել է շուրջ 5 600 մարդ:

Ղարաբաղյան վերջին պատերազմում երկու կողմից ավելի քան 4 000 զոհի մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից օրեր անց խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցությանը Պուտինն ասել է, որ զոհերի թիվը գերազանցել է 4 000-ը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ըստ Պուտինի՝ վիրավորվել է 8 000 մարդ։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ պաշտոնական Ադրբեջանի հաղորդած տվյալները այնքան էլ հեռու չեն իրականությունից: Գուցե 1 000 զինծառայողի տարբերությամբ, սակայն երկու կողմի կորուստները հասնում են շուրջ 5 000-ի, նշել է փորձագետը:

Ֆելգենհաուերը նման պատերազմի համար զոհերի համեմատաբար քիչ լինելը պայմանավորել է նրանով, որ ադրբեջանական ու հայկական կողմերը վարել են «դասական» պատերազմ կամ բանակը բանակի դեմ գործողություններ՝ զերծ մնալով քաղաքացիական բնակչությանը մեծ զանգվածային հարվածներ պատճառելուց։

«Арсенал Отечества» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը Բաքվի հայտնած տվյալները «հեքիաթ է» անվանել: Նա ավելի հավանական է համարել հայկական պաշտոնական տվյալները ադբեջանական կորուստների մասին՝ նշելով, որ պետք չէ անտեսել նաև սիրիացի վարձկանների գործոնը, որոնց թվի վերաբերյալ Ադրբեջանը հազիվ թե երբևէ տեղեկություններ հաղորդի:

Մեկնաբանել