Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի և Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

«Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13 172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3 693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3 569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. հողատարածքը շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. հողատարածք, որը շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետագայում, ըստ Քննչական կոմիտեի՝ նշված 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին:

Մեկնաբանել