Խաչատուր Սուքիասյանը գնում է «Ռան-օյլ» ընկերության բաժնեմասերը

Գործարար, «Սիլ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը գնում է բենզինի, վառելիքի շուկայի խաղացող «Ռան-օյլ» ընկերության բաժնեմասերը։ Տեղեկությունը փետրվարի 19-ին հաստատել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ 

«Ռան-օյլ»-ը հիմնվել է 1993 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը Ռոբերտ Գալուստյանն է, «Ռան օյլ»-ը զբաղվում է բենզինի, վառելիքի, քսայուղերի վաճառքով, նաև մեծածախ բազաներ ունի։ 

«Ռան-օյլ»-ը Երևանում ունի 11 բենզալցակայան, նաև ներկայացնում է «Ջի էներջի» ավտոտեխսպասարկման ցանցը։ Ուշագրավ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2020-ի համապատասխան ուսումնասիրությունում բենզին և վառելիք ներմուծողների ցանկում «Ռան-օյլ»-ը չկա։ Սա նշանակում է, որ ընկերությունը բենզին կամ վառելիքի այլ տեսակներ գնում է խոշոր ներմուծողներից՝ «Ֆլեշ»-ից, «Սիփիէս օյլ»-ից, «Մաքս պետրոլ»-ից կամ «Պլատինում օյլ»-ից։ 

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե որքա՞ն է արժեցել «Ռան-օյլ»-ը ձեռք բերելու գործարքը, ասաց՝ «ներկայում մանրամասներ հաղորդել չի կարող, երբ գործարքը վերջնականացնեն, համապատասխան հայտարարություն կտարածեն»։

Մկրտչյանը նաև տեղեկացրեց՝ դեռ 2017-ին «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող ընկերություններից մեկը շատ փոքր քանակով սկսել է բենզին ու ավիակերոսին ներմուծել։ 

Փետրվարի 19-ին Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր՝ ընկերությունը մասամբ է վաճառել Սուքիասյանին, որոշ բաժնեմասեր կշարունակի պահպանել։ 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տվյալներով՝ բենզինի շուկայի ներմուծման ողջ ծավալն իրականացնում է 4 ընկերություն։ 

Մկրտիչ Կարապետյան