Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 19-ին տեղի ունեցավ Պողոս Պողոսյանի սպանության գործով առաջին դատական նիստը։ 2020-ի հուլիսին Վերաքննիչ քրեական դատարանը Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա բեկանել էր շուրջ 20 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկել նոր քննության։

Առաջին ատյանում գործը քննում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մարտի 4-ին։

Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը ծեծելով՝ սպանվել էր 2001-ի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում: Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նա «Պրիվետ Ռոբ» խոսքերով ողջունել էր սրճարան եկած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

***

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաատանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է: Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 2001թ. սեպտեմբերի 25-ի ժամը 00:30-ի սահմաններում Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Հարությունյանի և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, ինչի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:

«Ելնելով վերոգրյալից՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում, ըստ դատախազության հաղորդագրության, կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում՝ գործով հարցաքննված անձանց՝ մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության»,- հայտնել է դատախազությունը:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել