ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու գանգատը

Փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը։

«Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն եթադրաբար իրեն սեփականության իրավունքով  պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:

«Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին,դիմումատուին սեփականության  իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի: Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի»,- ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հայտարարությունում։