Ոստիկանը Ջաբրայիլից 45 ինքնաձիգ է դուրս բերել՝ վաճառելու նպատակով․ ԱԱԾ

ԱԱԾ-ն բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը:

Մասնավորապես, Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով Արցախի դեմ սկսված պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով  Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, ապօրինի ձեռք է բերել ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ, փամփշտատուփ` թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ։

Ոստիկանության ծառայողը նշված ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով․ «Ա.Բ.-ն իր կողմից  ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ»։

«Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել  է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ոստիկանը ձերբակալվել է, նրան կալանավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան: