Դատախազությունում ուսումնասիրում են Ս․ Սարգսյանի հայտարարությունները

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ։ Դրանք կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ ոչ միայն հերքել էր մեղադրանքները, թե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, այլև հայտարարել էր, որ իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը ու պատերազմից հետո: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ասել էր, որ զրահաբաճկոններ են գնվել մի քանի անգամ բարձր գնով՝ գրեթե 600 դոլարով։

«Գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է՝ «կռի՞ս» է»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել