Արցախում որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են

Արցախում անհետ կորած զինծառայողների, զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ»,- ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Գերատեսչության տվյալներով՝ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: