Աբխազական երկաթգծի վերագործարկումը Վրաստանին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ․ հայացք Թբիլիսիից

Նորայր Գասպարյան

Փետրվարի կեսին Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի խոսքով՝ անհրաժեշտ է պաշտոնական Թբիլիսիի հետ խոսել Աբխազիայով անցնող երկաթգծի բացման վերաբերյալ:

«Եթե խոսում ենք Կովկասում խաղաղարար նախաձեռնություններ զարգացնեու մտադրության մասին, ապա, իհարկե, պետք է բացենք հաղորդակցութան ուղիները, պետք է հաղորդակցվել և առևտուր անել»,- հայտարարել է Շամբան:

Երկաթգծի բացման շուրջ խոսակցությունները վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության հնարավոր բացման մասին հայտարարելուց հետո, թեև տարիներ առաջ աբխազական երկաթգծի բացումը նույնպես օրակարգային էր:

Ինչ են մտածում աբխազական երկաթգծի բացման մասին Վրաստանում

Վրաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ բացի քաղաքական խնդիրներից, առանձին վերցված աբխազական երկաթգծի բացումը որևէ էական օգուտ չի տա Վրաստանին, քանի որ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռները անցնում են Լարսի անցակետով, որն այս պահին այլընտրանք չունի: Նույնիսկ այն դեպքում, եթե Ադրբեջանի տարածքով հնարավոր լինի բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Ռուսաստան, դա չի կարող որևէ էական նշանակություն ունենալ, քանի որ Լարսով անցնող ճանապարհը ամենակարճն է:

Երկաթգիծը կարող է հետաքրքրություն առաջացնել, եթե շահագրգռված լինեն Չինաստանն ու կենտրոնասիական երկրները․ Ցագարեիշվիլի

Վրաստանի «Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի» տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին պնդում է, որ երկաթգիծը զուտ տնտեսական առումով կարող է հետաքրքրություն առաջացնել միայն այն դեպքում, եթե դրանով շահագրգռված լինեն Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները, ինչն այժմ նույնպես պակաս հավանական է, քանի որ արդեն իսկ գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, և 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայից դեպի Չինաստան է ուղևորվել առաջին բեռնատար գնացքը:

Պաատա Ցագարեիշվիլի, «Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի» տնօրեն

Ավելի քան 6,5 հազար կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո 40 կոնտեյներից կազմված գնացքը հասել է Չիաստան: Գնացքը Թուրքիայից ուղևորվել է Ադրբեջան, որից հետո Կասպից ծովով բեռները տեղափոխվել են Ղազախստան, որտեղից նորից երկաթգծով հասել են Չինաստան: Բեռնափոխադրումը տևել է 12 օր:

Երկաթգծի բացումը կարող է Թբիլիսիի և Սուխումիի միջև համագործակցության միջոց դառնալ․ Կանաշվիլի

Կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին ասում է, որ առանձին վերցված երկաթգծի բացումը որևէ ռիսկեր չի պարունակում, եթե թեման չշահարկվի քաղաքական առումով:

Գիորգի Կանաշվիլի, կոնֆլիկտաբան

«Վրաստանը դեմ է հանդես գալիս, քանի որ Աբխազիայի ճանամչման խնդիր կա: Եթե տեքստերում չլինի նշված առանձին Աբխազիա և Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանված լինի, ապա՝ ինչո՞ւ ոչ: Հակառակը` երկաթգծի բացումը կարող է Թբիլիսիի և Սուխումիի միջև համագործակցության միջոց դառնալ»,- ասում է Կանաշվիլին: Թեև, վերջինս նաև պակաս հավանական է համարում, որ երկաթգիծը բացվի, քանի որ Թբիլիսիի և Սուխումիի միջև տասնյակ տարիներ որևէ համագործակցություն չի եղել, իսկ երկաթգիծը բավական լուրջ և մեծ ծրագիր է:

«Համագործացությունը, սովորաբար, սկսում է ավելի փոքր խնդիրների շուրջ»,- նկատում է Կանաշվիլին:

Աբխազական երկաթգծի գործարկման շուրջ քննարկումների նախապատմությունը

Դեռ 2012 թվականին այն ժամանակ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարում էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է բացել երկաթգիծը: 2013 թվականի հունվարին՝ արդեն վարչապետի կարգավիճակում, Բիձինա Իվանիշվիլին Հայաստանում էր: Այցի շրջանակում նա հայտարարել էր, որ հնարավոր է՝ աբխազական երկաթգիծը մոտ ապագայում բացվի և հավելել, որ խնդիրը հեշտ լուծելի չէ՝ ելնելով Ռուսաստանի հետ խնդրահարույց և «աբխազ եղբայրների հետ ոչ այնքան լավ» հարաբերություններից: Ավելի ուշ՝ նույն թվականի մարտին, Իվանիշվիլին Վրաստանում նշել էր, որ կառավարությունը զգուշորեն է մոտենում երկաթգծի բացման հարցին:

Այս պնդումներից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ Վրաստանը համաձայն է բացել երկաթգիծը, որով Հայաստանը կկապվի Ռուսաստանի հետ: Բաղդասարյանը նշել էր, որ երկաթգծի թեման Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում: Վրաստանի կառավարությունը հերքել էր Բաղդասարյանի հայտարարությունը՝ ասելով, որ բացման համաձայնություն չեն հայտնել, թեև հետաքրքրված են և ուսումնասիրում են թեման:

2013 թվականին Վրաստանում այսպես կոչված համակեցության շրջան էր: Երկրի նախագահ էր Միխեիլ Սաակաշվիլին, որը 2012 թվականին պարտվել էր խորհրդարանական ընտրություններում, և երկիրը անցել էր վարչապետական կառավարման: Սաակաշվիլիի թիմից հայտարարում էին, որ աբխազական երկաթգիծը լուրջ խնդիրներ է պարունակում Վրաստանի համար և հույս էին հայտնում, որ կառավարությունը՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ, «նման հիմնարար սխլաներ չի անի և չի վնասի երկրի պետական շահերը»:

2004-2005 թվականներին Սաակաշվիլին նույնպես երկաթգիծը բացելու պատրատակամություն էր հայտնել։ Կառավարությունը քննարկում էր երկաթգծի վերականգնման ծրագիրը, որի ծախսը, ըստ նախնական տվյալների, 100 միլիոն դոլար էր կազմելու և տևելու էր մեկ տարի: Երկաթգծի երկարությունը կազմելու էր 2 300 կմ՝ Հայաստանից դեպի կենտրոնական Ռուսաստան, և տարեկան 15 միլիոն տոննա ապրանք էր տեղափոխելու:

2005 թվականին Թբիլիսիում նույնիսկ եռակողմ հանդիպում պետք է տեղի ունենար` Աբխազիայի, Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով հանդիպումը չէր կայացել։

Սաակաշվիլին, որը հեղափոխությունից հետո կողմ էր հանդես գալիս երկաթգծի բացմանը, փոխել էր կարծիքը՝ հայտարարելով, որ երկաթգծի բացումը վտանգ է Վրաստանի համար:

Աբխազական երկաթգծի թեման վերջին անգամ շոշափվեց 2017 թվականին` Հայաստանի հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի` Թիբիլիս կատարած այցից հետո: Լրատվամիջոցները գրում էին, որ այցի շրջանակներում քննարկվել է նաև երկաթգծի հնարավոր բացման թեման, թեև և ՀՀ, և Վրաստանի կառավարությունները հերքեցին տարածված լուրերը:

Մեկնաբանել