Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանը շահագրգռված է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել։ Հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել արդեն նաև այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել բազայի ուժեղացման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք

Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։

«Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված․ «Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչպես նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։

Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում

Վաղարշակ Հարությունյանը կարծիքով՝ Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չկա:

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական ռազմակայանի գործունեությունը»,- ասել է նա։

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, ըստ 1995 թվականի միջպետական պայմանագրի՝ տեղակայված է Շիրակի մարզում։ 2010 թ․ փաստաթղթում փոփոխություններ էին կատարվել, որոնց համաձայն բազայի ժամկետը երկարացվել էր՝ նախնական 25 տարվա փոխարեն 49 տարի՝ մինչև 2044 թվականը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը բանակում բարեփոխումներ կիրականացնի

Արցախում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը բանակի բարեփոխման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում․ օպտիմալացվում է բանակի թվակազմը, անցում է կատարվում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի, ասել է Վաղարշակ Հարությունյանը։

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլև արդեն իրականացվում է։ Ընդ որում, այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները», – նշել է Հարությունյանը:

Արցախի անվտանգությունը պետք է ապահովվի պաշտպանության բանակի կողմից

«Երևանը հուսով է, որ ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ Ղարաբաղում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով ՝ առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովվի պաշտպանության բանակի կողմից։

«Իհարկե, շատ անելիքներ կան ՊԲ մարտունակության վերականգնման և արդիականացման առումով, բայց ինչ էլ լինի, պետք է արվի։ Երկրորդ՝ Հայաստանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունը մենք երբեք մեր վրայից չենք գցի։ Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորն է, դա, իհարկե, ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, ինչի շնորհիվ սկզբում հաջողվել է հասնել հրադադարի, իսկ հետագայում պարզապես կանխել հումանիտար աղետը։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն»,- հայտարարել է Վաղարշակ Հարությունյանը:

Մեկնաբանել