Չելսին` Չեմպիոնների լիգայի չեմպիոն

Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում «Չելսին» հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց «Բավարիային» և պատմության մեջ 1-ին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության չեմպիոնական տիտղոսը:

Թիմերից և ոչ մեկը անակնկալ չմատուցեց: «Բավարիան» հանդիպման մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և մինչև խաղավարտ չզիջեց այն: Առաջին վտանգավոր գրոհը գրանցվեց 21-րդ րոպեին. Ռոբենի հարվածից հետո Չեխը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, որը կպավ դարպասաձողին ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից: «Չելսին» առաջին հարվածը Նոյերի դարպասին կատարեց 31-րդ րոպեին, ինչից հետո լոնդոնցիներին հաջողվեց խաղը տեղափոխել կենտրոն և ևս մի քանի գրոհ կազմակերպել: Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց. մյունխենցիները գրոհում էին «ազնվականները» գրագետ պաշտպանվում: Այդուհանդերձ «Բավարիայի» գրոհները երբեմն շատ վտանգավոր էին և դրանցից մեկն 83-րդ րոպեին ավարտվեց գոլով: Թոմաս Մյուլլերը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Դի Մատեոն անմիջապես խաղադաշտ մտցրեց Ֆերնանդո Տորեսին, բայց նա չէ, որ պետք է փրկեր «Չելսիին»: 88-րդ րոպեին «ազնվականներն» առաջին անգամ անկյունային հարվածի իրավունք ստացան և անկյունայինների հաշիվը դարձավ 16:1, բայց այդ 1 անկյունայինը բավարար էր, որ լոնդոնցիները հավասարեցնեին հաշիվը: Մատայի փոխանցումից հետո Դիդյե Դրոգբան գլխի թնդանոթային հարվածով գրավեց Նոյերի դարպասի մոտակա վերին անկյունն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:

95-րդ րոպեին «Բավարիան» 11 մետրանոցի իրավունք ստացավ. Դիդյե Դրոգբան կաննորեը խախտեց Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: Երբ գնդակին մոտեցավ Արյեն Ռոբենը, շատերը հիշեցին Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը և զուր չհիշեցին. ամենապատախանատու պահին Ռոբենը չկարողացավ իրացնել այն, սակայն նշենք, որ այս մրցաշրջանի լավագույն դարպասապահ Պետր Չեխն արժանի էր այդ հարվածը ետ մղելուն:

Այդուհետ Հայնկեսի սաները շփոթության մեջ էին, բայց լոնդոնցիները չէին շտապում առաջ ընթանալ: Լրացուցիչ 2-րդ խաղակեսում «Բավարիան» կրկին վերգտավ իր խաղն ու մի քանի շատ վտանգավոր գրոհ կազմակերպեց: Այդուհանդերձ, թե՛ Չեխը, թե՛ պաշտպանները անձնուրաց էին գործում: Ի վերջո Դի Մատեոյի տակտիկան աշխատեց. նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: Չելսին հաղթեց 4:3 հաշվով և արժանիորեն նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com